‘«Սուպերկլասիկո». Ինչպես Տատայի ռեֆորմները հաղթեցին Անչելոտիի հեղափոխությանը’

1216

Մրցաշրջանի առաջին «սուպերկլասիկոն» կայացավ: Եվ չնայած այն շատերի կարծիքով այլևս Մոուրինյոյի և Պեպի ժամանակվա կիրքն ու լարվածությունը չուներ, զուտ ֆուտբոլային և տակտիկական առումով այն լավագույնն էր վերջին երևի թե 2 տարիների ընթացքում: Այն ժամանակվանից ի վեր, երբ Գվարդիոլան «Սանտյագո Բերնաբեույում» խաղի ընթացքում անցնելով «3-4-3-ի»` հաղթեց Մոուրինյոյին:

Այն որ «Էլ կլասիկոն» այլևս չի լինելու ««տիկի-տական» ընդդեմ հակագրոհների», կարելի էր կանխատեսել մրցաշրջանի սկզբից: Խաղի անոնսում արդեն իսկ նշել էինք, որ ամենահետաքրքիրն այս խաղում այն էր լինելու, որ երկու թիմերը որոշ առումով փորձում էին նմանվել միմյանց՝ Մադրիդը մինչ այս խաղը փորձում էր ավելի կոմբինացիոն ֆուտբոլի անցնել, իսկ Բարսան փորձում էր ավելի «ուղղահայաց» ֆուտբոլ խաղալ:

Մեկնարկային կազմեր

Երկու մարզիչներն էլ զարմացրեցին հանդիպումից 1 ժամ առաջ, երբ հայտնի դարձավ թիմերի մեկնարկային կազմերը: Անչելոտտին սկսեց «4-3-3-ով», որը բավականին հեռու էր այդ դասավորության դասական պատկերից: Պաշտպանությունում իտալացին դուրս բերեց Կարվախալին Արբելոայի փոխարեն՝ համարելով, որ նա ավելի լավ կարող է պաշտպանվել Նեյմարի դեմ (բրազիլացին Արբելոայի դեմ մինչ այս տեղի ունեցած միակ խաղում՝ Բրազիլիա — Իսպանիա, փայլել էր): Կենտրոնում սովորական Պեպե-Ռամոս զույգը փոփոխվել էր` վերածվելով Պեպե-Վարան զույգի, չնայած` մեկնարկային կազմից կարող էր թվալ, որ հենց Պեպեն է խաղալու հենակետային գոտում, քանի որ նման փորձ ուներ Բարսայի դեմ խաղերում: Ռամոսից առաջ կենտրոնում գործելու էին Խեդիրան ու Մոդրիչը, իսկ առջևում` Ռոնալդու-Դի Մարիա-Բեյլ եռյակը: Վերջինիս` մեկնարկային կազմում հայտնվելը կհիմնավորվեր, եթե նա կենտրոնում չհայտնվեր այլ եզրերից մեկում, բայց հենց դա դարձավ Անչելոտտիի կազմի հետ կապված երկրորդ կոպիտ սխալը Ռամոսից հետո: Ռամոսը նաև խնդիրներ էր ունենում անհատական վերահսկողության ժամանակ (Մոդրիչը հսկում էր Չավիին, Խեդիրան Ինյեստային), իսկ Բեյլը, ի տարբերություն Բենզեմայի, ով նախորդ` Յուվեի դեմ խաղում բավականին լավ էր փակում Պիրլոյին, նման բան չէր անում Բուսկետսի դե,. և բացի երկու հարվածներից, ոչնչով չհիշվեց:

Իսկ Տատայի դուրս բերած կազմում, որը, նրա իսկ խոսքով, ընտրվել էր «Ռեալի» կազմը տեսնելուց հետո, կային երկու անակնկալներ: Առաջինը դա Սեսկի հայտվելն էր «կեղծ 9-ի» դիրքում, և Մեսսիի` աջ եզր տեղափոխությունը, ինչը Մադրիդի հագեցած կենտրոնից հեռու ենթադրում էր Մեսսիի համար ավելի մեծ տարածություններ, ինչպես նաու` կենտրոնական պաշտպանների դիրքերի փոփոխությունը, որը շատ քիչ է կիրառվում ֆուտբոլում: Մասչերանոյի` Ալվեսի կողքին խաղալը նշանակում էր, որ հենց արգենտինացին, այլ ոչ դանդաղաշարժ Պիկեն պետք է վերահսկի և մաքրի Ռոնալդուին:

Բարսան լավ սկսեց՝ օգտագործելով Չավիին որպես կառուցող հենակետային և պրեսինգի մեջ ներառելով նաև Մեսսիին, ով ամեն դեպքում Ռիբերի չէ և չէր պատրաստվում իր եզրով նահանջել մինչև պաշտպանություն: Այստեղ անհասկանալի է թվում, թե ինչու Անչելոտտին չփորձեց ավելի շատ օգտագործել Ալվեսի եզրը որտեղ Մարսելոն և Ռոնալդուն նախորդ «կլասիկոներում» բազմաթիվ խնդիրներ էին ստեղծում Բարսայի համար:

Հանդիպման ամենահետաքրքիր հակամարտությունը Խեդիրա-Ինյեստա հակամարտությունն էր: Եվ չնայած վերջին շրջանում շատ էր խոսվում Անդրեսի վատ մարզավիճակի մասին, հենց նա, եւ ոչ թե Մեսսին կամ Սեսկը ամենից շատ սրեց խաղը: Նեյմարի գոլից հետո Ինյեստան ևս մեկ գոլային պահ ստեղծեց Մեսսիի համար, որը Լեոն լավ մարզավիճակում գտնվելու դեպքում պարտադիր կվերածեր գոլի, և երկրորդ խաղակեսում երկար փոխանցումով Դիեգո Լոպեսի դեմ հանեց Նեյմարին:

Կարևոր էր նաև Չավիի գործոնը, ով «ուղղահայաց» խաղի պայմաններում միշտ խնդիրներ է ունենում, բայց շաբաթ երեկոյան անթերի էր Սեսկին և Մեսսիին փոխանցումներ կատարելիս, չնայած նրան, որ ուղիղ սուր փոխանցումները չէին աշխատում:

Երկրորդ խաղակես

«Ռեալը» ավելի հաջող սկսեց երկրորդ խաղակեսը: Կարգավորելով թիմային պրեսինգը հատկապես Իլյարամենդիի խաղադաշտ դուրս գալուց հետո, ով ավելի լավ էր սկսում գրոհներն ու ավելի լավ պայքարում գնդակի համար: Անչելոտտիի երկրորդ փոփոխությունը, որը միտված էր իր իսկ սխալներն ուղղելուն՝ Բենզեմա — Բեյլ փոփոխությունը, նույնպես իր արդյունքը տվեց: Ֆրանսիացին ավելի լավ էր փակում Բուսկետսին, ավելի շատ տարածություններ էր ստանում և կարող էր փոխել խաղի ընթացքը հեռահար հարվածով:

Զգալով Բարսայի հոգնածությունն ու հատկապես հենակետային գոտում խնդիրները` խաղի մեջ մտավ Տատան, ով իր փոփոխություններով պարզապես հաղթեց խաղը: Նախ խաղադաշտ դուրս եկավ Ալեքսիսը, ով որոշեց խաղի ելքն իր փայլուն գոլով, բայց գուցե ավելի ազդեցիկ էր Ալեքս Սոնգ–Ինյեստա փոփոխությունը, որը ինքն` արգենտինացին հիանալի հիմնավորեց խաղից հետո, խոստովանելով, որ նա անցավ ավելի պաշտպանողական ֆուտբոլի և որ չի պատրաստվում բոլորին խաբել և ասել որ «Սոնգին խաղադաշտ դուրս բերեց, քանի որ նա լավ 10 համար է»: «Բարսելոնան» կարգավորեց խաղը, և, օգտագործելով Պիկեի և Մասչերանոյի վստահ խաղը, կարող էր ավելի շատ հակագրոհեր և ավելի մեծ առավելությամբ հաղթել:

Եզրափակում

«Բարսելոնան» նման ցածր գնդակին տիրելու առավելություն «Ռեալի» նկատմամբ ունեցել էր դեռևս Ռայկարդի օրոք, բայց թիմային խաղը կառուցելու անհրաժեշտության հարցում, ոչ ամենալավ մարզավիճակի պայմաններում շատ ավելի կարևոր էր հաղթանակն ու 3 միավորը, քան գնդակին 70 % տիրելու անհրաժեշտությունը: Մարտինոն բացարձակ հաղթանակ տարավ Անչելոտիի անհասկանալի սխեմայի դեմ, թե’ մեկնարկային կազմով թե’ իր փոփոխություններով, և այժմ կարող է ավելի հանգիստ շարունակել կառուցել հենց իր թիմը մինչ ՉԼ-ի «փլեյ-օֆֆ» փուլը: Իսկ Անչելոտին պետք է հստակեցնի, թե ինչպիսի ֆուտբոլ է ցանկանում խաղալ և արդյոք ճիշտ չէր լինի ընտրել Մոուրինյոյի` հակագրոհների տարբերակը այս հանդիպման համար:

Նախորդ հոդվածը‘Գերեզմանատուն՝ թանգարանի հաշվի՞ն’
Հաջորդ հոդվածը‘Իվանիշվիլին նոյեմբերի 24-ին հրաժարական կտա ‘