‘Ստորագրահավաք` Նավասարդ արք. Կճոյանին կարգալույծ անելու պահանջով’

907

«Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ տեղեկացնում է, որ սկսում են ստորագրահավաք` Նավասարդ Կճոյանին կարգալույծ անելու պահանջով:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Հուլիսի 12-ից սկսած՝ ամեն օր, առավոտյան ժամը 10:00-ից մինչև 21:00-ն, Հյուսիսային պողոտա- Թումանյան խաչմերուկում անց է կացվելու ստորագրահավաք` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված պահանջով: Ստորագրահավաքի նախաձեռնողն է «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միությունը` ԵՊՀ շրջանավարտ Հովհաննես Ղահրամանյանի գլխավորությամբ:

Նշենք, որ կոչի տակ արդեն կա 2500-ից ավելի ստորագրություն` հավաքված հուլիսի սկզբից:

Նավասարդ Կճոյան հոգևորականը ամբողջովին հեռացել է եկեղեցուց և ներքաշվել գողական կյանքի մեջ: Այս մարդուն իր Բենթլիով կարելի է տեսնել միմիայն մեծ բիզնեսի ներկայացուցիչների կողքին: Ո՞վ է երբևէ Կճոյանից հոգևոր հարցերի, իր հոտի խնդիրների մասին գեթ մեկ բառ լսել: Ո՞վ է նրան գեթ մեկ անգամ տեսել եկեղեցու կողքին: Այս մարդը դարեր շարունակ մեր ազգի ինքնությունը պահպանած եկեղեցու վերջին մեղքն է, նրա խայտառակությունը:

Կճոյանն այնքան է ներքաշվել գողական կյանքի մեջ, որ, բացի օֆշորային սկանդալից՝ իր մաֆիոզի դիրքին հարիր չի համարում պարզաբանել իրեն  ուղղված հարցերը: Իր պահվածքով Կճոյանը խայտառակում է մեր ազգը, և եթե Կաթողիկոսը որևէ կերպ չարձագանքի Կճոյանին կարգալույծ անելու մեր պահանջին, ուրեմն ինքը ևս նույն մաֆիայի մաս է կազմում` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Հրավիրում ենք Հայ եկեղեցու ճակատագրով  մտահոգ բոլոր մարդկանց վաղվանից սկսած ՝մասնակցելու ստորագրահավաքին:

 

Նախորդ հոդվածը‘ՎՊ հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 4 նյութ ուղարկվել է ոստիկանություն’
Հաջորդ հոդվածը‘Ահազանգ. Նախաձեռնությունը չի կարողանում Սիրիա պարենամթերք ուղարկել. Տեսանյութ’