‘Ս. Սարգսյան. Եթե Ալիեւը կարող է, ինչու՞ չի անում, իսկ եթե պիտի անի, ինչո՞ւ է դրա մասին խոսում’

964

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` խորհրդակցության:  Պատասխանելով խորհրդակցության մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս տված հայտարարություններին եւ Ադրբեջանի սպառազինության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ձեր կարծիքով, որքա՞ն ժամանակ է, որ Ալիևն այդպես խոսում է: Եթե կարող է, ինչու՞ չի անում: Եվ եթե պիտի անի, ինչո՞ւ է դրա մասին խոսում: Գիտեք, ես չեմ կարող նույնիսկ այսպիսի միջավայրում բացառել և ասել, որ ռազմական գործողություններ չեն լինելու, որովհետև մեր երկրում առնվազն երկու մարդ՝ Նախագահը (երեւի ինքն իրեն նկատի ունի- խմբ.) և պաշտպանության նախարարը պետք է համարեն, որ հենց վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել»:

Իսկ այն մասին, թե սովորաբար իրենք ինչո՞վ են զբաղվում, Սարգսյանը նշել է. «Անում ենք այն, որ Բաքվից ժամանած հատուկ նշանակության ջոկատի մարտիկները՝ թվով 3-4 անգամ ավելի, չեն կարողանում իրենց առջև դրված խնդիրը կատարել և, փաստորեն, ձախողվում են՝ կրելով ավելի շատ կորուստներ, քան դիրք պահող մեր զինվորները: Սա՝ մեկ: Երկրորդ՝ մեր դիրքերի կահավորվածությունը համապատասխանում է այսօրվա իրավիճակին: Եթե ձեզնից որևէ մեկը լինի մեր առաջապահ դիրքերում, կտեսնի, թե մեր հրամանատարները և զինվորները ինչպիսի հմտությամբ են կահավորում իրենց դիրքերը՝ տարբեր թակարդներ լարելով, ահազանգման միջոցներ հնարելով, տարբեր խորամանկություններ կիրառելով: Երրորդ՝ մենք համալրում ենք, և որևէ մեկից ոչ պակաս ենք համալրում մեր զինանոցները, մեր ռազմական պահեստները, մեր սպառազինությունը, զինամթերքը, մեր տեխնիկան: Եվ ամեն անգամ զանգվածային կիրառման զինատեսակների հետ զուգահեռ մենք ձեռք ենք բերում նաև ժամանակակից և հատուկ դեպքերում կիրառվող զինատեսակներ: Մենք որևէ մեկից այդ մասով հետ չենք մնում»:

 

Նախորդ հոդվածը‘Հայտնաբերվել է քաղաքացու ծխախեղդ եղած դին’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության կրթահամալիրում սովորող ուսանողը ապօրինի զենք է պահել’