‘Վազգեն Խաչիկյանի գործում նոր պաշտպան է ներգրավվել ‘

1016

Ես գործում, որպես Վազգեն Խաչիկյանի պաշտպան, նոր եմ ներգրավվել, և դա Խաչիկյանի նախաձեռնությունն է: Այս մասին iLur.am-ին հայտնեց Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը: Մեր հարցին, թե փաստաբանն անձամբ արդեն հանդիպե՞լ է Խաչիկյանին, ասաց՝ մեկ անգամ: 

«Ներգրավվման կարգը այդպիսին է՝ միմիայն մեղադրյալի ներկայությամբ: Երկար ժամանակ չունեինք էլ խոսելու: Մինչև քննչական մարմինների հետ այդ ընթացակարգը կարգավորեցինք, որ ինձ ներգրավեն ու տանեն Խաչիկյանի մոտ, որ արձանագրությունը կազմվի իր համաձայնությամբ, այդ ընթացքում ընդամենը ընդհանուր բնույթի զրույց ենք ունեցել, գործի հետ կապված որևէ բան չենք խոսել: Գործի նյութերը կտրամադրեն, ու դրանից հետո առարկայական զրույց կունենանք», — ասաց Վարոսյանը: 

Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ քրգործը հարուցվել էր նախորդ տարի, սակայն Խաչիկյանին միայն վերջերս են ձերբակալել, փաստաբանը պատասխանեց, որ դա կարող է օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ ունենալ: 

Որպես Վազգեն Խաչիկյանի պաշտպաններ՝ գործում ներգրավվել էին փաստաբաններ Արմեն Սողոմոնյանը և Տիգրան Աթանեսյանը: Վերջինս, ի դեպ, այժմ զբաղված է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործով: Տիգրան Աթանեսյանը iLur.am-ին հայտնեց, որ իրենք երկուսն էլ հրաժարվել են Խաչիկյանի պաշտպանությունից ծանրաբեռնվածության պատճառով: 

Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվող գործի շրջանակներում սեպտեմբերի 28-ին ձերբակալվել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը երկարաձգվել է’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է կիրառում Սիրիայի, Իրանի և Բելառուսի նկատմամբ’