‘Վահագն Խաչատրյան. Իշխանափոխությունից հետո կյանքն արագ կփոխվի ‘

3573

iLur.am-ի զրուցակիցն է տնտեսագետ, Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Վահագն Խաչատրյանը

-Պարոն Խաչատրյան, ԱՎԾ-ն հրապարակեց 2013թ. ամփոփ ցուցանիշները, համաձայն որոնց՝ ժողովրդագրական առումով Հայաստանը լուրջ խնդիրներ ունի. վերջին հինգ տարիներին ՀՀ-ից արտագաղթածների եւ մահացածների թիվը գերազանցում է ՀՀ-ում ծնվածների թիվը, ասել է թե՝ բնական հավելաճ չկա: Կխնդրեի մեկնաբանել. որո՞նք են այս իրավիճակի վտանգները:

-Մենք արդեն իսկ կանգնած ենք այդ վտանգների առաջ: Ցանկացած երկրի գլխավոր խնդիրը, զարգացման կարեւորագույն նախապայմանը բնակչության թվի աճն է: Եթե քո երկրում մարդ չի ապրում, ապա մնացած ամեն ինչն իմաստ չունի: Բայց Հայաստանում հակառակն է տեղի ունենում. վերջին տասը տարիներին մարդիկ պարզապես թողնում գնում են երկրից, ընդ որում՝ գնում են ոչ թե ժամանակավոր, այլ՝ մշտական բնակություն հաստատելու: 2013թ. արտագաղթի ցուցանիշը՝ -42 հազար մարդ` 2012թ. -49 հազարի համեմատ, փորձում են ներկայացնել, թե իբր իրավիճակը բարելավվել է: Սակայն, իրականում արտագաղթի միտումները շարունակվել են նույն տեմպերով, պարզապես մյուս կողմից նաեւ մեծ թվով հայեր են եկել Սիրիայից՝ ապաստան ստանալու համար, եւ արդյունքում ունենք ոչ թե -70-80 հազար, այլ՝ -42 հազար: Ցավոք սրտի, երբ ժողովրդագրական տվյալներից բացի, նայում ենք նաեւ տնտեսական, սոցիալական կյանքի վերաբերյալ փաստերին, համոզվում ենք, որ իրավիճակը շատ-շատ բարդ է: Վիճակը շատ ավելի դժվար լուծելի է, քան կարելի է պատկերացնել: Ոչ միայն իմ, այլեւ շատ այլ մասնագետների, ՄԱԿ-ի փորձագետների կարծիքն է՝ ապագայի առումով մենք լուրջ խնդիրներ ունենք. եթե չկարողանանք Հայաստանում լուծել բարոյահոգեբանական վիճակը, տնտեսական վիճակը, ներգաղթ ապահովելու վիճակը, ուրեմն՝ դատապարտված ենք: Հայաստանի ներքին ռեսուրսները՝ ժողովրդագրական առումով կտրուկ փոփոխություններ անելու համար բավարար չեն, ցավոք սրտի՝ սպառված են:

Հիշու՞մ եք Սերժ Սարգսյանի հայտնի հանձնարարականը 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին, նաեւ նախազգուշացումը, որ եթե այդ աճը չապահովվի, կառավարությունը պետք է հրաժարական տա: Պաշտոնական վիճակագրությունն է անգամ արձանագրել, որ 7 տոկոս աճ չեղավ, աճը 3.5  տոկոս էր: Ձեր կարծիքով, Սերժ Սարգսյանի հանձնարարակա՞նն էր անիրատեսական, թե՞ կառավարությունը թերացավ այս հարցում:

-Ես ձեզ էլ պետք է խորհուրդ տամ չանդրադառնալ իշխանությունների այդ խոսքերին: Հրահանգներով երկրում ոչ տնտեսություն է աճում, ոչ ծնունդներ են ավելանում, ոչ էլ հրահանգով արթնանում ենք զարգացած ու հզոր երկրում: Հրահանգներով նման բան տեղի չի ունենում: Եվ հենց այդ պատճառով է, որ հրահանգները դառնում են թղթի վրա գրված թվեր, որտեղ կա Հայկական աշխարհ, Դիլիջանի ֆինանսական կենտրոն, Հայաստանը այծի պանիր արտահանող երկիր, իսկ Գյումրին՝ տեխնակենտրոն: Իրականությունն այն է, որ այսօր ՀՀ-ին անհրաժեշտ է լուծել մեկ խնդիր՝ ՀՀ քաղաքացին ուզենա ապրել իր երկրում: Սակայն, դա չկա: Անդրադառնամ նաեւ կոնկրետ թվերին. ԱՎԾ-ն հրապարակել է, որ 2013թ. գրանցվել է 3.5 տոկոս տնտեսական աճ: Իրականում այդ աճը չկա:

Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք այդ 3.5 տոկոս աճի մասին տվյալը:

-Ես չգիտեմ՝ այդ թիվը որտեղից է ի հայտ եկել: Վերջին պաշտոնական թիվը տնտեսական ակտիվության ցուցանիշն է՝ 3.5 տոկոս, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշն ու Համախառն ներքին արդյունքը չեն կարող իրար հետ համընկնել: Սովորաբար, ՏԱՑ-ն ավելի բարձր պետք է լինի, քան ՀՆԱ-ն: Այնպես որ, իրականում տնտեսական աճը 3.5 տոկոս էլ չկա, կարող է լավագույն դեպքում լինել 1 տոկոս: Առօրյա կյանքն էլ է ցույց տալիս դա: Վերցրեք, թեկուզ, մանրածախ ապրանքաշրջանառության ծավալները. աննախադեպ է, երբ առեւտրի ծավալների կրճատում է տեղի ունեցել: Ընդ որում, այդ կրճատումը եղել է 2013թ., այլ ոչ թե ճգնաժամի տարիներին: Սա կարող էր լինել, եթե քաղաքացիների գնողունակությունն է իջել, կամ` այդ քաղաքացիները չկան արդեն: Հայաստանում այսօր կա երկու հանգամանքն էլ: Նվազել են նաեւ ռազմավարական նշանակության ապրանքների սպառումը՝ հացի, ձվի, էլեկտրաէներգիայի եւ այսպես շարունակ: Հայաստանի ներքին սպառման ծավալներն են փոքրացել: Եթե տնտեսության զարգացման խթան կարող էր հանդիսանալ ներքին շուկան՝ ներքին սպառումով, ապա այդ շուկան այլեւս խթան չի կարող հանդիսանալ: Մինչեւ հիմա հիմնականում ներքին շուկան էր ապահովում տնտեսության զարգացումը, քանի որ արտահանումն այդ չափերի չէր հասնում, եւ հիմնականում արտահանվում էր հանքահումքային արդյունաբերություն: Եվ հիմա դա է պատճառը, որ արտաքին առեւտրաշրջանառության մեջ  3 միլիարդ է դեֆիցիտը. մենք ավելի շատ ներկրում ենք, քան արտահանում:

Ասեմ ավելին՝ գնաճը գերազանցում է միջին աշխատավարձի աճը. գնաճը կազմել է 5.8 տոկոս, միջին աշխատավարձի աճը՝ 4.2 տոկոս: Սա նշանակում է՝ մարդիկ ավելի են աղքատացել, մարդիկ ավելի վատ են ապրում:

Դուք լուրջ չեք վերաբերվում Սերժ Սարգսյանի հանձնարարականին, բայց, այնուամենայնիվ, այս բոլոր ցուցանիշները պետք է հետեւանք ունենա՞ն, թե` ոչ:

-Մերոնք սիրում են համեմատվել Ռուսաստանի հետ: Եթե հիշում եք՝ Պուտինն էլ էր 7 տոկոս տնտեսական աճի մասին խոսել: Պուտինն իրեն կարող էր նման բան թույլ տալ, ի վերջո` Ռուսաստանը մի երկիր է, որն ունի հզորագույն նյութական ռեսուրսներ, որն իր մարդկային ու արդյունաբերական պոտենցիալով ՀՀ-ի հետ համեմատելի չէ: Համաշխարհային տնտեսության մեջ զարգացման լուրջ ճեղքում անելու համար 3-4 տոկոս տնտեսական աճը բավարար չէ, պետք է 7 տոկոս աճ, եւ Պուտինը հենց դրա համար հայտարարեց նման թիվ: Բայց այսօր նույնիսկ ՌԴ-ում այդ թիվն ապահովել չհաջողվեց. նրանց տնտեսական աճը 2013թ. կազմել է 1.4 տոկոս: Իսկ ՀՀ-ի համար ի սկզբանե 7 տոկոս թիվն է սխալ:

Բայց չէ՞ որ իշխանությունները 2012թ. ապահովեցին նման ցուցանիշ՝ գոնե պաշտոնական վիճակագրությամբ:

-Դա արեցին բացառապես թվային աներեւակայելի աճպարարությունների արդյունքում: Այդ նպատակով նույնիսկ 1995-96թթ. բազան փոքրացրին, որպեսզի 7 տոկոս աճ ցույց տան: Թվային մանիպուլյացիաների արդյունքում Սերժ Սարգսյանին ցույց տվեցին, որ 7 տոկոս աճ են ապահովել, նա էլ հանձնարարեց՝ եթե 2012թ. կարողացել եք սա անել, ապա մյուս տարի էլ նույնն արեք: Այսօր մասնագիտական ցանկացած վերլուծության դեպքում, մի քանի թիվ համեմատելով, կարելի է ցույց տալ կեղծարարության ահռելի չափերը,  օրինակ՝ աճպարարությունը հասել է այն աստիճանի, որ անասնագլխաքանակի աճով գերազանցել ենք ԽՍՀՄ ժամանակները: Ամեն գնով իշխանություն պահելու տրամաբանությունը, ահա, բերում է նման իրավիճակի: Սրանք կաշվից դուրս են գալիս՝ փորձելով ցույց տալ, թե իրենք ամեն ինչում լավն են:

Այս իրավիճակից դուրս գալու ելքը ո՞րն է:

-Այս իրավիճակից դուրս գալու ելքը միքայլանի չէ: Իրավիճակը շտկելը շատ դժվար է: Բայց կա մի քայլ, որը կարող է իրավիճակը շտկելու ճանապարհի սկիզբը դնել: Դա իշխանափոխությունն է: Եվ ես սա ասում եմ ո՛չ այն պատճառով, որ ընդդիմադիր եմ: Սա ակնհայտ է ամենքին: Հավատացեք, իշխանափոխությունից հետո կյանքն արագ կփոխվի:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘«Որսորդը» ֆիլմը ներառվել է ԱՄՆ և Ֆրանսիայի կինոփառատոնների մրցութային ծրագրերում’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը 250 միլիոն դրամ հատկացրեց Ռուբեն Վարդանյանի ընկերությանը’