Վահե Աղաջանյան. Ցավալի է, որ ունես նման գործիչ, որը մերժված ու չհասկացված է հասարակության կողմից

838

Վահե Աղաջանյանը Ֆեյսբուքում գրել է.

«Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն 25 տարուց ավելի է, ինչ նախագահ չէ, սակայն տարածաշրջանային անվտանգության ներկայիս ծանր իրավիճակում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի դեսպանները նրա հետ են քննարկում ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ինչո՞ւ։ Արդյո՞ք նա դավաճան է, թուրք կամ մասոն, ինչպես տարիներ շարունակ նրան դեմոնիզացրել են Հայաստանում, թե՞ բացառիկ ինտելեկտի և աշխարհաքաղաքական զարգացումների ընկալման ունակության տեր գործիչ, որի հետ գերտերությունների ներկայացուցիչները կարողանում են խոսել «նույն լեզվով»։

«ԿԳԲ-ի գործակալ» Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ Հայաստանի միակ ղեկավարը, որին ԱՄՆ նախագահն ընդունել է ամենաբարձր մակարդակով: «Դավաճան ու թուրք» Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ Հայաստանի այն ղեկավարը, որի օրոք Հայաստանը հաղթել է պատերազմում, ընդ որում՝ այդ հաղթանակը գրանցվել է ոչ միայն ռազմական ուժի, այլև Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Թուրքիայի հետ ծանր բանակցությունների և բացառիկ դիվանագիտական ձեռքբերումների արդյունքում։

Երևի ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու Իրանում «ամենագետ» հայերի չափ չեն հասկանում, թե չէ պարբերաբար չէին հյուրընկալվի Տեր-Պետրոսյանին՝ նրա հետ խորհրդակցություններ ունենալու տարածաշրջանային իրավիճակի հետ կապված։

Ցավալի է, որ ունես նման գործիչ, որը շատ վաղուց մերժված ու չհասկացված է հասարակության կողմից։ Զուգահեռ իրականության մեջ ունես մի ազգակործան պատուհասի, որը կործանել ու շարունակում է կործանել ամեն ինչ՝ վայելելով լայն զանգվածների աջակցությունը։

Հ.Գ. 2 դիտարկում ևս․

1․ Ես «Լևոնական» չեմ, ինչպես կարող է թվալ շատերին ու բազմիցս Տեր-Պետրոսյանի աջակիցների կողմից տարբեր «կշտամբանքների» եմ արժանանում նրանց համար տհաճ հարցեր բարձրացնելու ու որոշ մեղադրանքներ հնչեցնելու համար։

2․ Նիկոլը շատ վաղուց ուրացել է Լևոնին, ինչպես ուրացել է բոլոր այն մարդկանց, որոնք իրեն ինչ-որ լավություն ունեն երբևէ արած։ Նիկոլը իր տեսակով ատում է կայացած ու ինտելեկտուալ մարդկանց։

Պետք է կարողանալ գնահատել գործչին՝ անկախ նախասիրություններից ու չվախենալ դեմ գնալ ամբոխի կարծիքին։ Ամբոխը վտանգավոր է պետության համար։

Նախորդ հոդվածըԻրանը կարձագանքի ցանկացած սպառնալիքի
Հաջորդ հոդվածըԲենզեման դիտարկում է Եվրոպա վերադառնալու տարբերակները