‘Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը կդիմի ՄԻԵԴ’

954

Վճռաբեկ դատարանը օրեր առաջ մերժել է վարույթ ընդունել 6 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա  Զաքարյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին և վերաքննիչ ատյանների դատարանների որոշումները: Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման:

«Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում փաստաբան Արա Զաքարյանը այսօր նշել է, որ  Ավետիսյանը ճաղերի հետևում է հայտնվել քաղաքական հայացքների համար, երբ մոտ երկու տարի առաջ մարտական ընկերների հետ դուրս ելավ փողոց՝ պաշտպանելու ղարաբաղյան պատերազմի մասնակիցների սոցիալական իրավունքները։ Նրա սոցիալական պայքարը հետագայում վերաճեց քաղաքականի։ «Բացահայտ սա քաղաքական պատվեր է, Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալ է: Քանի որ նա ազատամարտիկների իրավունքների պաշտպանության համար բարձրացրել էր բավականին կարևոր խնդիրներ, հարցեր, և այդ հարցերի լուծումը որպես այդպիսին քաղաքական նշանակություն կարող էր ունենալ: Եվ իշխանությունն էլ Վոլոդյա Ավետիսյանին այդ ճանապարհից հետ պահելու համար նրա նկատմամբ սկսեց քրեական հետապնդում իրականացնել», — հայտնել է նա:

Արա Զաքարյանը տեղեկացրել է նաեւ, որ պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ հայաստանյան դատական համակարգում արդարության հասնելու հնարավորությունները սպառվել են:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ը’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Մարտի 1-ի չբացահայտված սպանությունները մեր երկրի ամոթն ու խայատառակությունն են ‘