‘Վովա Գասպարյանի մեծախոսությունն ու իրականությունը’

2107

Վլադիմիր Գասպարյանը Հայաստանի ամենաշատ խոսող ոստիկանապետն է: Խոսելիս էլ  հիմնականում զբաղվում է ինքնագովասանքով ու ինքնամեծարմամբ: Իրականությունը, սակայն, հակառակի մասին է վկայում, ու ինչքան մռայլ է իրականությունը, այնքան ավելի վառ է դրսևորվում ոստիկանապետի ինքնասիրահարվածությունը:

Փորձելով լղոզել ոստիկանության անհաջողությունը, երբ մի ամբողջ համակարգ չկարողացավ ձերբակալել մարդասպան Պերմյակովին, Գասպարյանը  լրատվամիջոցներով լուրեր է տարածում, թե փոխարենը՝ ոստիկաններն այդ փնտրտուքի ընթացքում Գյումրիում բազմաթիվ հանցագործություններ են բացահայտել և փախուստի մեջ գտնվողների բռնել:

Համաձայնեք, ցանկացած ոստիկանապետ այս ձախողումից հետո առնվազն ամոթից գլուխը կկախեր, իսկ պատվախնդրության առկայության պարագայում հրաժարական կտար:  Բայց Վովա Գասպարյանի դեպքում ճակատագիրն այս առումով դաժան է գտնվել, հետևաբար՝ ժպիտը դեմքին՝ նա շարունակում է պաշտոնավարել ու ինքնասիրահարված հարցազրույցներ տալ: Նույնիսկ այն բանից հետո, երբ իր շեֆերի կողմից վերահսկվող լրատվամիջոցները սկսեցին քննադատել ռեժիմի ոստիկանապետին: Ընդհանրապես՝ վերջին շրջանում ոստիկանապետի շեֆերը չար կատակներ են խաղում ոստիկանապետի հետ և անդադար հարվածների տակ են դնում նրան: Վովա Գասպարյանն անգամ դիմադրության նշաններ ցույց չի տալիս, հավանաբար՝ հետևելով անգլիական հայտնի անեկդոտի խորհրդին:

Նույնը տեղի ունեցավ, այսպես կոչված, օրենքով գողերի հայտնի հավաքի դեպքում: Բոլորի համար էլ պարզ է, որ առանց Սերժ Սարգսյանի դաբրոյի ու աջակցության՝ օրենքով գողերը Հայաստան չէին ժամանի: Պարզ է, որ այս որոշման մեջ Վովա Գասպարյանի դերակատարումը զրոյական է՝ չնայած մամուլի որոշ միջոցներ ջանք ու եռանդ չխնայեցին՝ պնդելու, թե հավաքի հովանավորն ու կազմակերպիչը հենց ոստիկանապետն է: Վերջինս էլ հաճույքով համաձայնեց դրան, ինչի վկայությունն էր ոստիկանության այն զավեշտալի հայտարարությունը, թե յուրաքանչյուր ոք ազատ տեղաշարժի իրավունք ունի, և որ նրանք նախընտրել են հանգիստն անցկացնել Երևանում:

Մի՞թե ոստիկանապետը տեղյակ չէր, որ այդ հանգիստը խոչընդոտել են ռուսաստանցի, վրաց և այլ երկրների ոստիկանները: Ստացվում է, որ Վլադիմիր Գասպարյանը մեծագույն հաճույքով է ընդունում իրեն ուղղված ցավոտ հարվածները, իսկ թե ինչու՝ պարզ կդառնա առաջիկայում:

Նախորդ հոդվածը‘Հայոց համազգային շարժման հիմնադիր համագումարը — Մաս 2’
Հաջորդ հոդվածը‘Անգելա Մերկել. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով’