‘Վրաստանում կստեղծվի պետանվտանգության ծառայություն ‘

849

Վրաստանում կստեղծվի պետական անվտանգության ծառայություն: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Online»-ը՝ դա նախատեսված է երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» դաշինքի կազմած  նոր կառավարության ծրագրով:

Անկախության վերականգնումից հետո Վրաստանն ուներ ազգային անվտանգության նախարարություն, սակայն «Վարդերի հեղափոխությունից» հետո այն միացվել էր ՆԳՆ-ին, և այդ միացյալ գերատեսչությունը ղեկավարում էր  երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ Վանո Մերաբիշվիլին, որն այդ պաշտոնից հեռացավ 2012 թ. ամռանը:

 Ըստ Civil Georgia-ի՝ «Վրացական երազանքի» ծրագրային դրույթի համաձայն՝ այժմ ՆԳՆ-ն պետք է վերակազմավորվի, և նրա կազմում մնալու է երկու վարչություն՝ ոստիկանության և սահմանի պահպանության դեպարտամենտները: Ինչ վերաբերում է պետանվտանգության ծառայությանը, ապա ըստ «Վրացական երազանքի» ծրագրի՝  դրա «գործը պետք է լինի գաղտնի տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունը, համակարգումն ու իրականացումը: Քրեկան հետապնդումը չպետք է լինի պետանվտանգության ծառայության գործառույթը»: Դեռևս հայտնի չէ, թե «Վրացական երազանքն» ում է տեսնում այդ գերատեսչության ղեկավարի պաշտոնում: Հիշեցնենք, որ ՆԳ նախարարի պաշտոնում առաջարկվել է Իրակլի Գարիբաշվիլին: Վրաստանի նոր կառավարության կազմն, ըստ երևույթին, կհաստատվի հոկտեմբերի 25-ին:

Նախորդ հոդվածը‘Արման Նավասարդյան. Սիրիահայությանը պետք է ֆիզիկապես փրկել ‘
Հաջորդ հոդվածը‘Կարինե Հակոբյան. Սիրիահայությանն աջակցելու համար քայլեր արվել են, բայց մեր մտահոգությունները շարունակվում են ‘