‘Վրացական հատուկ ծառայությունները տեղեկացրել են, որ երկրում «տակից» ուրան են վաճառում’

814

Վրացական հատուկ ծառայությունները տեղեկացրել են AP գործակալությանը վերջին երկու տարում ուրանի մաքսանենգության հետ կապված վեց նոր ձերբակալությունների մասին: Փաստորեն՝ Վրաստանում սև շուկայում հնարավոր է միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ նյութեր ձեռք բերել, հաղորդում է newsru.com-ը:

Ուրանի վաճառքի հինգ գործարք բացահայտվել է այս տարի: Ձերբակալություններից մեկը վրացական հատուկ ծառայություններն իրականացրել են թուրքական սահմանին մոտ գտնվող Բաթում քաղաքի հյուրանոցներից մեկում.երկու թուրքեր այնտեղ հանդիպել էին մի վրացու հետ, որից ուզում էին ցեզիում գնել՝ մի նյութ, որը կարելի է օգտագործել «կեղտոտ ռումբ» պատրաստելու համար: Սակայն պարզվել էր, որ թուրքերն իրականում ուզում են ուրան ձեռք բերել: Նրանցից մեկը հետաքրքրվել էր, թե վրացին ուրան չունի՞, ինչին վերջինս դրական պատասխան էր տվել և ցույց տվել կոնտեյները: Հյուրերն այն լուսանկարել էին և ասելով, թե պետք է խորհրդակցեն իրենց բոսսի հետ՝ հեռացել: Բայց քանի որ այս ամենը նկարահանվել էր վրացական հետախուզության տեսախցիկով, քիչ անց հայտնվել էին ուժային կառույցի ներկայացուցիչները և ձերբակալել վրացուն:

Մասնագետները համոզված են, որ ուրան ձեռք են բերում բացառապես ատոմային զենք ստեղծելու կամ այն ահաբեկիչներին վերավաճառելու նպատակով: 2005 թ. հետո, երբ Վրաստանում, ԱՄՆ-ի աջակցությամբ, ստեղծվեց ռադիոակտիվ նյութերի վաճառքով զբաղվող հանցագործներին բացահյտելու հատուկ ծառայությունը, անցկացվել է 15 հետաքննություն, և ձերբակալվել են տասնյակ մարդիկ: Այնուհանդերձ՝ մինչ օրս սև շուկայի սահմանները հնարավոր չի եղել որոշակիացնել:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետի հետ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին. Խնդիրը կառավարման համակարգը փոխելու մեջ չէ’