‘ Վրաց պատգամավորներին առաջարկվում է աշխատանքի ներկայանալ ազգային տարազով’

3510

Վրացական խորհրդարանի «պահպանողականների» խմբակցության անդամ Բիձինա Գուջաբիձեն առաջարկել է աշխատանքի գալ վրացական ազգային տարազով՝  չուխայով, որը նախատեսում է նաև դրա վրայից կապած դաշույն: Գուջաբիձեի խոսքերով՝ իր առաջարկի գլխավոր նպատակը «ազգային և մշակութային ժառանգության հանրայնացումն է»: Ի դեպ, «պահպանողականները»՝ այդ կուսակցության անդամ, խորհրդարանի փոխխոսնակ Զվիադ Ձիձիգուրիի հետ միասին, սիրում են նշանակալի օրերին չուխա կրել և այդպես ներկայանալ խորհրդարան, հաղորդում է  Известия-ն:

Վրաստանի նախագահի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Շոթա Մալաշխիան, սակայն, Известия-ին հայտարարել է, թե «ավելի լավ կլիներ՝ «Վրացական երազանքը» զբաղվեր առավել լուրջ թեմաներով, օրինակ՝ նրանով, որ երկիրը պետք է կողմնորոշվի դեպի Արևմուտք, այլ ոչ թե դեպի Ռուսաստան», և հավելել է. «Հուսով եմ, որ երբ սկսեն քննարկել չուխա կրելու հարցը, գոնե կպայմանավորվեն դաշույնը չխրել գոտկատեղը»:

Ի դեպ, 2004 թ. վրաց դեսպան Վալերի Չեչելաշվիլին իր հավատարմագրերը Պուտինին հանձնելու էր եկել այդպիսի ազգային տարազով: Պուտինի թիկնապահները նրան թույլ չէին տվել ներս մտնել, սակայն դիվանագետը հրաժարվել էր հանձնել դաշույնը՝ պնդելով, որ դա համազգեստի անքակտելի մասն է: Ի վերջո՝ նրան ներս էին թողել:

Նախորդ հոդվածը‘Ընդդիմության առաջնորդի սպանությունից հետո Թունիսում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել’
Հաջորդ հոդվածը‘Մովսիսյանի թիմակիցը տեղափոխվեց Բրազիլիա’