‘Վ. Կարապետյան. Առանց Մաքսային Միության վերաբերյալ երաշխիքների Պուտինը Սարգսյանին չէր ընդունի’

2054

Արդեն տեղեկացրել ենք, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա` հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ ՌԴ նախագահի լրատվական ծառայության հաղորդագրության, կողմերը քննարկելու են երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր, այդ թվում` ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: iLur.am-ի խնդրանքով Հայ ազգային կոնգրեսի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց այս այցին վերաբերող մի քանի հարցերի:

 Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանն աշխատանքայն այցով լինելու է Մոսկվայում, որտեղ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպիսի՞ զարգացումներ կլինեն այդ հանդիպման արդյունքում:

Հիշեցնեմ, որ մայիսի 31-ին կայացած ՀՀ եւ Ռուսատսանի վարչապետների հանդիպման ընթացքում, իսկ դրանից առաջ՝ Եվրասիական միության կոլեգիայի քարտուղար Վիկտոր Խրիստենկոյի հետ արդեն քննարկվել է Մաքսային Միությանն ինտեգրվելու հուշագրին առնչվող հարցերը: Ձեռք էր բերվել պայմանավորվածություն Հայաստան-Մաքսային Միություն համագործակցության ձեւաչափերը քննարկելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ:

Մեր տեղեկություններով այդ աշխատանքային խումբը ակտիվ աշխատում է եւ փորձ է արվում Հայաստանին համոզել միանալ Մաքսային Միությանը: ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների շուրջ քննարկման մասին է հաղորդվում նաեւ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Իմ խորին համոզմամբ, առանց երաշխիքների, որ Հայաստանը կատարելու է լրացուցիչ քայլեր Մաքսային Միությանը ինտեգրվելու ուղղությամբ  Վ.Պուտինը չէր ընդունի Ս. Սարգսյանին: Այսինքն, Ս. Սարգսյանի այցը Մոսկվա ինքնին խոսում է Հայաստանի կողմից կայացրած որոշման մասին:

Ի՞նչ է դա նշանակելու. Արդյո՞ք մենք կարողանալու ենք նաեւ նախաստորագրել Խորը եւ Համապարփակա Ազատ առեւտրի գոտու պայմանագիրը ԵՄ-ի հետ:

Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ Ս. Սարգսյանը չի կարողացել պահպանել երկու տասնյակ տարի Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնասյունը հանդիսացող բալանսավորված, փոխլրացման քաղաքականությունը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Իր ոչ թափանցիկ, ռազմավարական գործընկերներից թաքուն կայացրած որոշումներով կանգնեցրել է Հայաստանը այն իրողության առջեւ, որ բոլոր կողմերից Հայաստանին կողմնորոշվելու պահանջ է դրվում: Ունեմ մեծ մտավախություն, որ վտանգված է Ասոցացման պայմանագրի ստորագրումը, խոսքս Վիլնյուսյան հանդիպման մասին չէ: Այսօր հասարակության հրամայականը պետք է լինի պահանջել ՀՀ իշխանություններից շարունակել նախկին քաղաքականությունը՝ չսահմանափակելու Հայաստանի եվրոպական հետագա ինտեգրացիան եւ  ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ: 

Նախորդ հոդվածը‘Լեզվով նկարող շիմպանզեն 10 հազար դոլար է շահել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում տեսախցիկը կովկասյան ընձառյուծ է որսացել (տեսանյութ)’