‘Տակտիկա-2013. «Տոտալ ֆուտբոլ» + «Բյելսիզմ» + ֆիզիկապես հզոր կառուցող կիսապաշտպաններ և վերադարձ դեպի դասական «9»’

2537

Ավարտվեց 2013 թվականը, որտեղ գլխավոր ֆուտբոլային միտումները թելադրեցին հենց տարվա ընթացքում հաղթողները՝ «Բավարիան», որտեղ Հայնկեսը ֆիզիկական առումով կարողացավ կատարելագործել «տիկի-տական» և Բրազիլիայի ազգային հավաքականը, որը իր դասավորվածությամբ նույնն էր, ինչ 2002-ին:

Տարվա հիմնական տակտիկական դասավորվածությունը «4-2-3-1-ն» («Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», Բենիտեսի «Չելսի») էր, որը գերազանցեց և «4-3-3-ին», և իտալական «3-5-2-ին»՝ նույն Պրանդելլին և Կոնտեն անցան 4 պաշտպանով խաղի:

Գլխավորը, ինչ արեց Յուպ Հայնկեսը «Բավարիայում», դա «տիկի-տակայի» կատարելագործումն էր ոչ այնքան տեխնիկական կամ մտքի առումով, այլ ֆիզիկական: Պեպ Գվարդիոլայի Բարսան առաջինն էր, որ կարողացավ փոխել 2000-ականների կեսի՝ Մոուրինյոյի «Պորտույի» և «Չելսիի», Բենիտեսի «Վալենսիայի» և «Լիվերպուլի»  գլխավոր ուղվածությունը, և անցնել տոտալ ֆուտբոլի՝ ընդամենը մեկ հենակետայինով:

Իսպանացիները իրենց ոսկե սերնդի տպավորիչ հաղթանակներից հետո սկսեցին պնդել. «ֆուտբոլը կիսապաշտպանների խաղն է», և հենց այստեղ էր, որ նախ` «Բավարիան», իսկ ամռանը նաև Սկոլարիի Բրազիլիան կարողացան գերազանցել իսպանացիներին: Այն, ինչ կարողանում էին անել ՉավԻնյեստան պակաս գեղեցկությամբ, բայց ավել արդյունավետությամբ վերափոխեցին «Բավարիայում» Շվայնշտայգեր — Մարտինես, իսկ Բրազիլիայում` Լուիս Գուստավո – Պոուլինյո զույգը: Այն, ինչ համարվում էր «տիկի-տակայի» հենասյունն ու ամենաուժեղ կողմը, վատ մարզավիճակի և տարիների ընթացքում վերածվեց նրանց ամենախոցելի կողմի: Չավի – Ինյեստան Վիլանովայի օրոք այդպես էլ թիմային պռեսինգ չկիրառեցին և փոշիացվեցին ֆիզիկապես հզոր կիսապաշտպանների կողմից: Բացի դա, Հայնկեսի «Բավարիայում» դեռևս Վան Գալի տարիներից արդեն գործում էր հստակ հակագրոհների սխեմա և իհարկե առավելություն մրցակիցների հանդեպ երկրորդ հարկում:

Ընդհանուր առմամբ, բարդ և երևի թե սխալ է` մի ֆուտբոլային ուղղվածությունը իր անկման փուլում համեմատել մեկ այլ ուղղվածության հետ` նրա ծաղկման փուլում: Որքան առաջինները «կուշտ» էին, երկրորդներն այդքան «քաղց» ունեին դեպի տիտղոսները:

Ամեն դեպքում, Գվարդիոլայի Բարսան շարունակում է մնալ կատարելությանը ամենամոտ թիմը նոր հազարամյակում և այն, թվում է, որ կգերազանցեր այս «Բավարիային»: Հայնկեսի հաղթանակը կարելի է որակել «տիկի-տակայի» էվոլուցիա, նախընտրելով այն «տիկի-տակայի տապալում» ձևակերպանը: Այդ էվոլուցիան սկսեց դեռևս Եվրո 2012-ում Լյովի կողմից, ինչն ստացավ «տիկի-տակուեն» անվանումը: Կարևոր էր նաև Բենիտեսի «Չելսիի» հաղթանակը Եվրոպայի լիգայում, որտեղ հաջողության բաղադրությունները շատ անգամներ են թելադրող դարձել եվրոպական ֆուտբոլում:

Իսկ որո՞նք էին տարվա գլխավոր որոշիչ դիրքերը ֆուտբոլում: Առաջին հերթին, դա իհարկե երկու կառուցող հենակետայիններն էին, որոնք, բացի խաղ քանդելուց, կարողանում էին նաև ստեղծել այն: Այդպես օրինակ` Կլոպի «Բորուսիան», փակելով Ալոնսոյին, կարողացավ 4 դիմակայությունում էլ տակտիկական առումով հաղթել Մադրիդի «Ռեալին»: Եվ այն, որ Գյունդոգան — Բենդեր կամ Գյունդոգան – Շահին զույգը չկարողացավ «խեղդել» Մարտինեսին, կարելի է համարել հիմնական պատճառը, թե ինչու դորտմունդցիները չկարողացան հաղթել «Բավարիային»:

 

Կարևոր փոփոխություններից մեկն էլ դասական «9-ի» վերադարձն էր, և մի շարք թիմերի կողմից «խոստովանությունը», որ նրանք Բարսայի և Իսպանիայի կարգը չունեն, որպեսզի խաղան «կեղծ 9-ով»: Ֆրեդը` Բրազիլիայում, Լևանդովսկին ու Մանջուկիչը/Գոմեսը «Բավարիայում» և նույնիսկ Լյորենտեի արդյունավետ խաղը Յուվեում դրա ապացույց են: Դասական «9-ի»` տարվա ընթացքում հստակ ընգծված առավելություններից էր այն, որ նրանք, ի տարբերություն Մեսսիի, զբաղվում էին նաև թիմային պռեսինգով:

2014-ի ամռանը Մունդիալին կարելի է ակնկալել տակտիկական առումով ավելի հստակ փոփոխություններ, իսկ մինչ այդ Գվարդիոլան փորձում է համադրել իր միտքն ու ձեռքի տակ ունեցած առավելությունները, իսկ Տատա Մարտինոն Բարսային փորձում է հանել Վիլանովայի ստեղծած ճահճից` անցնելով ավելի «ուղղահայաց» ֆուտբոլի:

Այն, որ Բրազիլիայում կայանալիք ԱԱ-ի ֆավորիտներն են համարվում հենց իրենք` բրազիլիացիներն ու գերմանացիները, ամբողջովին հիմնավորված է: Իսպանացիները կփորձեն Դիեգո Կոստայի օգնությամբ խաղալ մաքուր «9-ով», իսկ արգենտինացիներն այդքան անհրաժեշտ կառուցող խելացի հենակետայինին այդպես էլ չեն գտնում. Բանեգան հրաշալի տարբերակ է, բայց ոչ ստաբիլ:

Ըստ Ջոնաթան Ուիլսոնի` տարվա տակտիկական թրենդների մասին հոդվածների

Նախորդ հոդվածը‘Շվեյցարիան կաջակցի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին’
Հաջորդ հոդվածը‘Վահան Հովհաննիսյանը նշանակվեց ԳԴՀ-ում դեսպան’