‘Տեղական արտադրողները 15%-ի չափով գնային արտոնություն կստանան պետական գնումներին մասնակցելիս’

913

Տեղական արտադրողները 15%-ի չափով գնային արտոնություն կստանան պետական գնումներին մասնակցելիս: Այդ մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունվարի 30-ին կառավարության նիստում, որի ընթացքում ֆինանսների նախարարությունը ներկայացրել է գնումների կարգի փոփոխությունները:

Աբրահամյանը նշել է, որ տեղական արտադրողները պետք է ունենան առավելություններ: «Ինչու՞ պետք է պետական գնումներին մասնակցեն վերավաճառողները և ապրանքներ  առաջարկեն ավելի  բարձր գներով, քան արտադրողները կամ անմիջական ներմուծողները», — հարց է տվել վարչապետը: Նա հավելել է, որ կառավարությունը մտադիր է թափանցիկ դարձնել պետական գնումների գործընթացը և նվազեցնել ռիսկերը, քանի որ այդ գործընթացում կան չարաշահումներ, և Վերահսկիչ պալատը բազմիցս դրանք հայտնաբերել է:

Մինչդեռ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը կառավարությունում հայտարարել է, որ իր որոշ առաջարկություններ չեն  ներառվել բարեփոխումների փաթեթում: Մասնավորապես, ՎՊ առաջարկում է արգելել պետական գնումներին այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օֆշորային գոտիներում, քանի որ նրանցից հնարավոր չէ ստանալ աուդիտորական եզրակացություններ: Աբրահամյանը հանձնարարել է ուսումնասիրել այդ առաջարկությունը: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը դիմել է ՄԻԵԴ` Արցախում դատապարտված ադրբեջանցիների գործով’
Հաջորդ հոդվածը‘Տնտեսագետ. Կառավարության պատասխանը անլրջության վերջին արդյունքն է’