‘ՏՄՊՊՀ-ն նախազգուշացրել և տուգանել է մի շարք ընկերությունների’

1011

ՏՄՊՊՀ նիստում պատասխանատվության ենթարկելու որոշում կայացվեց մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Երեմկա» ՍՊ ընկերության նկատմամբ, քանի որ վերջինը իր արտադրանքի պիտակների վրա օգտագործել է «Երևանի միսկոմբինատ» բառերը` որևէ առնչություն չունենալով տվյալ ընկերության հետ: Անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար, ընկերությունը ստացավ խիստ նախազգուշացում՝ խախտումները անմիջապես վերացնելու հանձնարարականով:

ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ վարչական վարույթը հարուցվել է «Երևանի «Ուրարտու» ԱՄ Մսի Կոմբինատ» ընկերության դիմումի հիման վրա:

Սկավառակների արտադրությամբ և վաճառքով զբաղվող «Ռեքո Ռեքորդս» ընկերությունը դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ նույն գործունեությամբ զբաղվող «Ադամս» ընկերությունը խոչընդոտում է իր գործունեությանը: Մասնավորապես, վերջինը մանրածախ վաճառք իրականացնող տասնյակ անձանց, այդ թվում նաև իրենց ընկերության պատվիրատուներին ուղարկել է նույնաբովանդակ գրություններ՝ նշելով, որ իբր ինքը հանդիսանում է Հայաստանում արտասահմանյան մի շարք ընկերությունների հեղինակային և հարակից իրավունքների, ինչպես նաև մի շարք կատարումների գույքային իրավունքների բացառիկ իրավատեր: «Ադամս» ընկերությունը ներկայացրել է նաև, որ ՀՀ-ում այդ շուկան պատկանում է միայն իրեն և պահանջել է, որ գնումներ կատարեն իր ընկերությունից՝ ոչնչացնելով այլ արտադրողներից նախկինում ձեռք բերված սկավառակները:

Ըստ «Ռեքո Ռեքորդսի», «Ադամս» ընկերությունը նման պարտադրողական գործողություններով ընդլայնել է իրացման ծավալները` թույլ չտալով, որպեսզի սկավառակների մանրածախ վաճառք իրականացնողները պատվերներ ներկայացնեն նաև իրենց ընկերությանը:

Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ «Ադամս» ընկերությունը չի հանդիսանում իր կողմից նշված օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավատեր, հակառակը, այդ օբյեկտների մի մասի նկատմամբ բացառիկ իրավունքները պատկանում են «Ռեքո Ռեքորդսին»:

Այսօր, հանձնաժողովի նիստում կայացված որոշմամբ, անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար «Ադամս» ընկերության նկատմամբ նշանակվեց տուգանք՝ իրավախախտմանը նախորդող տարվա 1 տոկոսի չափով և հանձնարարվեց վերացնել և հետագայում բացառել օրենքի խախտումը:

ՏՄՊՊՀ նիստում խիստ նախազգուշացում ստացավ Վանաձոր քաղաքում մալուխային ցանցով հեռուստաալիքների վերահեռարձակման (կաբելային հեռուստատեսություն) ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Սպայդեր Սիստեմս» ընկերությունը: Վերջինը  գովազդային նյութեր էր տարածել` նշելով, որ ընկերությունը 6 ամիս ժամկետով անվճար մատուցում է կաբելային հեռուստատեսության ծառայություններ: Սակայն պարզվել է, որ ընկերության գովազդը չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրականում սպառողներին ընդամենը առաջարկվել է կնքել 18 ամիս ժամկետով պայմանագիր, որից  6-ը  ամսվա վճարը՝ տարաժամկետ վճարելու հնարավորությամբ:

Վարչական վարույթը հարուցվել է «Դիլարմ» ընկերության դիմումի հիման վրա:

Նախորդ հոդվածը‘Սկոլարի. Կարծում եմ՝ 11 մետրանոց հարված Խորվաթիայի դարպասին կար’
Հաջորդ հոդվածը‘Հունիսի 17-ին խորհրդարանում տեղի կունենան էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հարցի շուրջ լսումներ’