‘Տրանսպորտի նախարարությանը պետք է հեռու պահել տիեզրագնացության ոլորտից. «ՉԻ»’

1699

Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել և հավանության է արժանացրել մի շարք համաձայնագրեր՝ կապված տիեզերքում Հայաստանի գործունեության կազմավորման սկզբունքի հետ: Մասնավորապես, հավանության արժանացած համաձայնագրերի թվում են «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը, «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը, «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան, «Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին» կոնվենցիան, «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը: «Չորրորդ իշխանություն»-ը այս կապակցությամբ գրում է.

Զավեշտն այն չէ, որ խորհրդարանն առաջիկայում պիտի վավերացնի այդ համաձայնագրերը, զավեշտ այն է, որ «զեկուցողը» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն էր: Երևի այնտեղ մտածել են, որ դեպի Լուսին կամ Սատուրն թռնելու «գործ ա կպնում», այսինքն՝ պետք կլինի ասֆալտ փռել, ջրահեռացում անել, ճանապարհի երկու կողմերը բորդյուր-բան շարել, մի խոսքով՝ կարգին փող աշխատել: Իրականում, սակայն, տրանսպորտի նախարարությանը պետք է հնարավորինս հեռու պահել տիեզրագնացության ոլորտից: Ոչ թե այն պատճառով, որ Գագիկ Բեգլարյանը չի կարողանա կազմակերպել հայ տիեզրագնացների բնականոն աշխատանքն ու նույնիսկ անձամբ մասնակցել թռիչքներին, այլ որովհետև  NASA-ն և միջազգային այլ կառույցները կտրականապես դեմ կլինեն՝ այն պատճառաբանությամբ, որ առանց այն էլ տիեզերքում բազմաթիվ խոռոչներ կան:

Նախորդ հոդվածը‘Կոստան որակազրկվել է 3 խաղով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դևիդ Մոյես. «Պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները»’