‘Տ. Եգորյան. ՍԴ-ն բախվելու է դիմումների կապակցությամբ որոշում կայացնելու պարտականությանը (Տեսանյութ)’

1970

Մեզ համար անակնկալ չէր, որ Սահմանադրական դատարանը չի ընդունելու մեր առձեռն ներկայացրած դիմումը, այդ պատճառով էլ մենք այն ուղարկել էինք նաեւ փոստով: Այս մասին «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ նշեց փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի այն հայտարարությանը, թե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված վեճով ոչ մի դիմում չի ստացվել: «Սովորաբար Հայաստանում փոստը աշխատում է մի քանի օրվա ընթացքում եւ հնարավոր է, որ առաջիկա օրերին դատարանը ստանա այդ դիմումը, եթե իհարկե՝ մենք քրեական գործի մասին չենք խոսում, երբ փոստը ուղղակի ոչնչացրել է նամակը: Սակայն, ես ունեմ անդորրագիր, որը հաստատում է, որ դիմումը ուղարկվել է»,- ընդգծեց Տիգրան Եգորյանը:

Նա հավելեց. «Լավ կլիներ, որ դատարանը ոչ թե պաշտոնապես անդրադառնար այդ հարցին, այլ խոսեր վերջինիս աշխատակազմի ղեկավարի կողմից դրսեւորված վարքագծի մասին, ով տարբեր պատճառաբանություններ բերելով` չընդունեց մեր դիմումը: Որեւէ մեկը իրավասու չէ բանավոր ձեւով մերժել դիմումի ընդունումը: Ինքնին դիմումը իրավական դիրքորոշում է եւ Սահմանադրական դատարանը պետք է արտահայտի իր իրավական դիրքորոշումը: 

Սահմանադրական դատարանի անունից  որեւէ անձ իրավասություն չունի հայտարարությամբ հանդես գալու: Այն պարագայում, երբ ՍԴ-ի անդամի հայտարարությունը արժեք չունի, ապա ինչ արժեք կարող է ունենալ մամուլի ծառայության հայտարարությանը: Սահմանադրական դատարանը անխուսափելիորեն բախվելու է այդ դիմումների ընդունելության կապակցությամբ որոշում կայացնելու պարտականությանը: Մեր գնահատմամբ՝ փորձ է կատարվել հնարավորինս խուսափել այդ որոշման հետ առնչվելուց»: 

Խոսելով դիմումի բովանդակության մասին՝ Տիգրան Եգորյանը ասաց, որ այն իր մեջ ամփոփել է վերջին տարիներին ընտրական վեճերի հետ կապված իրավական դիրքորոշումները, մասնավորապես այն խնդիրների մասին, որոնք ունեն ապացուցողական նշանակություն: «Հանրաքվեի կապակցությամբ դիտորդական առաքելությունների շրջանակներում մասնակցել են մի շարք նախաձեռնություններ, որոնցից ստացվել են շուրջ 107 տեղամասերում տեղի ունեցած դիտորդների եւ լրատվամիջոցների իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդումներ, ինչպես նաեւ 156 տեղամասերում օբյեկտիվ ընտրական իրավունքների վերաբերյալ խախտումների վերաբերյալ տեղեկություններ»,- հավելեց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյությում:

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ. քննիչը կեղծել է քրեական գործով ապացույցները’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալված խումբը մտադիր էր պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը. «Հրապարակ»’