‘Ցուցարարները մերժում են ուղեվարձի սուբսիդավորումը պետբյուջեի հաշվին’

1007

«Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնությունը դիմում է Կառավարությանը այսօրվա նիստի օրակարգում ներառված գաղտնի զեկույցի վերաբերյալ իր դիրքորոշմամբ:

«Հուլիսի 25-ի նիստում ներառվել է 1 գաղտնի հարց` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացմամբ, ինչը, մեր ենթադրությամբ, պետք է առնչվի հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման խնդիրներին՝ հարկ ենք համարում նշել հետևյալը.

1. Անընդունելի և հակաժողովրդավարական պրակտիկա ենք համարում հանրային ոլորտը շոշափող հարցերի փակ քննարկումը: Երևանի քաղաքապետն ընտրովի պաշտոն է և պարտավոր է բաց ու թափանցիկ հաշվետվություն ներկայացնել առաջին հերթին իր ընտրողներին:

2. Չենք ընդունելու տրանսպորտի սակագինը իջեցնելու մասին որևէ լուծում, որը կիրականացվի ՀՀ պետբյուջեից սուբսիդավորման կամ որևէ այլ փոխհատուցման եղանակով՝ հանրային այլ ոլորտներին ուղղված ծախսերի կրճատման հաշվին:

3. Երևան քաղաքի տրանսպորտային ցանցը գտնվում է քաղաքապետարանի պատասխանատվության ներքո, և կառավարությունն իրավունք չունի միջամտելու տրանսպորտի հետ կապված խնդիրներին:

Եթե ՀՀ կառավարությունն արդարացրեց մեր մտահոգությունները և փորձեց նման եղանակով լուծել առկա խնդիրը, մենք կարձանագրենք, որ գործադիր իշխանությունը դառնում է քաղաքապետարանի կողմից ընդունված ապօրինի որոշման մասնակից: Եթե կառավարությունը, ամեն դեպքում, ցանկանում է նպաստել խնդրի լուծմանը, ապա դրա միակ ճանապարհը հանրային բաց և թափանցիկ լսումների կազմակերպումն է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որոնց տեսակետները պետք է միանշանակորեն հաշվի առնվեն որոշում ընդունելիս»:

Նշենք, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է գաղտնի զեկույց, որի նախաձեռնողը Տարոն Մարգարյանն է: Նա սակայն այս պահին քաղաքապետարանում ավագանու խմբակցությունների հետ մասնակցում է խորհրդակցության: Կառավարությունում գաղտնի զեկույցը կներկայացնի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Տրանսպորտը թանկացնելուց առաջ պետք է հանրային քննարկումներ անցկացվեին’
Հաջորդ հոդվածը‘Սայաթ-Նովայի բակերից մեկում ապօրինի շինարարության դեմ բնակիչները ցույց են անում (տեսանյութ)’