‘Քաղաքագիտության այբուբենը’

1739

Սրանից ընդամենը հինգ տարի առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ երկրի իշխող կուսակցությունը կմնա միայնակ, և ԱԺ բոլոր քաղաքական ուժերը այս կամ այն հարցով կլինեն ընդդիմադիր՝ գործող իշխանություններին:

Հիշենք` 2008-ի Համաժողովրդական շարժման ժամանակ նույնիսկ այն ժամանակվա իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն չընդդիմացան գործող իշխանություններին և  մարտի մեկից հետո նոր կոալիցիա կազմեցին ՀՀԿ-ի հետ, էլ չեմ ասում իրեն ընդդիմադիր համարող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի մասին, ով Մարտի մեկի սպանդից հետո գնաց Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային:

Իսկ այժմ ի՞նչ ունենք քաղաքական դաշտում: Համաժողովրդական շարժման առաջնորդի հաշվարկված և հետևողական քայլերի շնորհիվ այս հինգ տարվա ընթացքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ որևէ մեկը չի ցանկանում առնչություն ունենալ գործող իշխանությունների հետ, իր անունը կապել ՀՀԿ-ի հետ, քանի որ հասկանում է, որ ՀՀԿ-ն երկիրը տանում է կործանման,  ու անունը կապելով այդ կուսակցության հետ՝ նա եւս մեղքն իր վրա է վերցնում:

Հինգ տարվա պայքարի շնորհիվ՝ այսօր Կոնգրեսը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» ԱԺ-ում և ԱԺ պատերից դուրս համատեղ պայքարում են գործող իշխանությունների կատարած հանցագործությունների դեմ: Դուք իրավացիորեն կնշեք, որ ՕԵԿ-ը դեռ կոալիցիայի մեջ է, սակայն կրկին այդ պայքարի և բացահայտումների շնորհիվ՝ ՕԵԿ-ը դարձել է հայհոյանք նույնիսկ ՀՀԿ-ի համար, և որևէ մեկը ՕԵԿ-ին չի ընդունում որպես քաղաքական ուժ. այդ կուսակցության անունը միայն օգտագործվում է բացառապես իրար վիրավորելու  նպատակով: Դուք կրկին իրավացիորեն կնշեք, որ իշխանություններն էլ ձեռքերը ծալած չեն նստում, և նրանք էլ են Կոնգրեսից, ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից և «Ժառանգությունից» մարդկանց պոկում և իշխանություն կամ կեղծ ընդդիմություն դարձնում՝ նրանց նշանակելով դեսպաններ, օգնականներ, խորհրդականներ, տարաբնույթ դրամական պարգևներ տալիս: Սակայն այդ ամենը քաղաքականության հետ որևէ աղերս չունի, այս ամենը պետք է դիտարկել զուտ բարոյական հարթության մեջ:

Իսկ քաղաքական առումով՝ քաղաքագիտական վերլուծության շնորհիվ այժմ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ բոլոր քաղաքական ուժերը երկրում փոփոխություն են ցանկանում, ու եթե 2008 թվականի կեսի չափ էլ շարժում ստեղծվի, ապա իրերի այսպիսի դասավորվածության շնորհիվ իշխանափոխությունն անխուսափելի է:

Միսակ Մարտինյան

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը Ռուսաստան’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես են ԱԻՆ-ի մասնագետները մեկնաբանում եղանակային փոփոխությունները Հայաստանում ‘