‘Քաղաքապետարանն ու գծատերերը կրկին ուղեվարձի թանկացում են նախապատրաստում’

1248

Անգամ գերծանրաբեռնված երթուղայինում ուղեվարձը 210 դրամից էժան լինել չի կարող: Ըստ News.am-ի՝ լրագրողների հետ հանդիպմանը կարծիք է հայտնել «Արշակյան» տրանսպորտային ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանը:

Նրա խոսքով՝ Երեւանում ուղեւորափոխադրման սակագները վաղուց անշահութաբերության սահմանն անցել են: Լրագրողների այն հարցին, թե ինչպես կարելի է վնասով աշխատել ոչ թե 1-2, այլ 8 տարի, Արշակյանն ու Հայաստանի ուղեւորափոխադրողների ասոցիացիայի նախագահ Հրանտ Եղիազարյանը հայտարարել են, որ այդ տարիների ընթացքում ընկերությունները պարտքերի մեջ են թաղվել:

Աշոտ Արշակյանը նշել է, որ արդեն 2008-ին մասնավոր ընկերության աուդիտի համաձայն՝ ավտոբուսում ուղեվարձի ինքնարժեքը 200 դրամից ավելի էր կազմում: Նա նշել է, որ այն ժամանակվա համեմատ՝ դիզելային վառելիքի գինն ավելացել է 100 դրամով: Բացի այդ, ըստ նրա՝ որակավորում ունեցող վարորդ վարձելու համար պետք է սահմանել 270 դրամ արժողությամբ ուղեվարձ:

Ուշագրավ է, որ ԶԼՄ-ներում ուղեվարձերի թանկացման «անհրաժեշտության» մասին հիմնականում գծատերերի հնչեցրած պնդումների տիրաժավորումը վերջին շրջանում սկսել է հաճախակիանալ: Այսպես, օրեր առաջ էլ մի քանի երթուղիներ սպասարկող «Հրաչուհի-Հռիփսիմե» ՍՊԸ հիմնադիր Վալերի Խաչատրյանն էր դժգոհում իր «անեկամտաբեր բիզնեսից»՝ հիշեցնելով, որ ժամանակին Կառավարությանն առաջարկել են 230 դրամ սակագինը: Նա նույնպես, ինչպես այսօրվա «բանախոսները», պնդել է, որ շուրջ տասը տարի ուղեւորափոխադրումներ է իրականացրել վնասով:

Ընդ որում՝ պետք է նկատել, որ տրանսպորտի սակագնի բարձրացման ջատագովներն այնպիսի թվեր են «կրակում» (180, 230, 270՛ դրամ), որոնց համեմատությամբ  հուլիսին քաղաքապետարանի սահմանած տխրահռչակ 150 դրամը «մուրազ» է թվում: Ակնհայտ է, որ ուղեվարձի թանկացման մասին որոշումը կասեցնելուց հետո քաղաքապետարանն ու գծատեր հանրությունը տեղեկատվական ֆոն են նախապատրաստում՝ հասարակությանը համոզելու, որ 150 դրամ ուղեվարձը ոչ միայն անխուսափելի է, այլեւ՝ լավագույն լուծումը կամ, այլ կերպ ասած՝ «թանկացում ի օգուտ ժողովրդի»:

Իրենց նշած թվերի համար գծատերերն ու քաղաքապետարանը որեւէ հիմնավորում չեն բերում: Մինչդեռ ավելորդ չի լինի հիշեցնել «Վճարում ենք 100 դրամ» շարժման ընթացքում մի շարք կազմակերպությունների ու անհատների իրականացրած հաշվարկները, համաձայն որոնց՝ տրանսպորտի իրական սակագինը, որի դեպքում գծատերերը վնաս չեն կրի, 100 դրամից էլ պակաս պետք է լինի: 

Նախորդ հոդվածը‘Շրջադարձ, կամ՝ ինչի՞ համար է ներվելու Սերժը’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանը պահանջում է ստեղծել «այլընտրանքային ՄԱԿ»’