‘Քեթրինի Միհրանը Հայ դատի պահանջատիրական բնույթը յուրովի է հասկացել (լուսանկարներ)’

1923

Պետական մի շարք այլ գերատեսչությունների օրինակով՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը որոշել  իր նորընծա աշխատակիցներին «մկրտել» երդման արարողության միջոցով: Պետական ծառայության անցնողի համար այս ձեւական արարողակարգը նորմալ պրակտիկա է: Սակայն ԴԱՀԿ լրատվական ծառայությունից ստացված հաղորդագրությունը՝ նորընծա 16 հարկադիր կատարողների երդման արարողության մասին, առնվազն տարակուսանք է  առաջացնում:

Ըստ հաղորդագրության՝  նրանք, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, երթով շարժվել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք  մատուցել  Հայոց մեծ եղեռնի  անմեղ զոհերի հիշատակին, ապա երդվել են  «հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները» եւ այլն:

Թե որքանով Ծիծեռնակաբերդը եւ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը կապ ունի դատական հարկադիր կատարման ծառայության հետ, Պողոսյանը բացատրել է անմիջապես երդման արարողությունից հետո իր ունեցած ելույթում:

«Այս Սուրբ վայրում  երդվելն է՛լ ավելի պարտավորեցնող է: Դուք պատիվ ունեք ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, կրելու եք ուսադիրներ, ինչը մեծ պատիվ է յուրաքանչյուրիս համար: Ուսադիրը պարտավորեցնում է  հատուկ  վերաբերմունք  ունենալ մեր պետության և քաղաքացու  նկատմամբ, … արդեն պետական ծառայողներ եք, ինքներդ եք ընտրել այդ ճանապարհը, որը պետք է  անցնեք գլուխներդ  բարձր պահած: Այսինքն՝ ձեզանից յուրաքանչյուրը, որպես մեծ ընտանիքի անդամ, պետք է կարողանա  իր ուսերին կրել ընդհանուրի  բեռը»:

ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Քեթրինի Միհրան» անունով (նա բանանի եւ գյուղատնտեսական սելիտրայի ներկրմամբ զբաղվող «Քեթրին գրուպ» ընկերության փաստացի սեփականատերն է), հավանաբար շփոթեցրել է «Հայ դատ» բառակապակցության երկրորդ բաղադրիչը, ինչպես նաեւ՝ Հայ դատի հետ անմիջական կապ ունեցող պահանջատիրության գաղափարը:

Չէ՞ որ Ծիծեռնակաբերդում երդում կերած նորաթուխ ծառայողները վաղվանից, դատարանի որոշումների համաձայն, պահանջատիրաբար՝ հարկադիր կերպով գանձելու են մեր հարյուր հազարավոր քաղաքացիների՝ բանկերում գրավադրված ու վարկային պարտավորւթյունները չկատարելու պատճառով օտարված գույքը՝ բնակարանները, ավտոմեքենաները: Չէ՞ որ նրանք պահանջելու եւ տիրելու են Հայաստանի քաղաքացիների բանկային հաշիվներին, որովհետեւ  քաղաքացիները՝ երբեմն անուշադրաբար, երբեմն՝ իրենցից անկախ տեխնիկական խոտանի պատճառով, ուշացրել են արագաչափերի գրանցած խախտումների կամ կարմիր գծերի համար գանձվող տուրքերը:

Ի դեպ, վճարովի ավտոկայանատեղերից շահույթ վաստակող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության սեփականատերը մոտ ազգակցական կապերի մեջ է քաղաքացի Միհրան Պողոսյանի հետ:

Իսկ օրերս հաստատված պետբյուջեի համաձայն՝ ԴԱՀԿ ծառայությունը հաջորդ տարի 280 հազարով ավելի շատ կատարողական վարույթ կիրականացնի: Եթե բազմապատկենք այս թիվը յուրաքանչյուր վարույթի համար ԴԱՀԿ արտաբյուջետային ֆոնդ մուծվող առնվազն 5000 դրամի, ապա հաջորդ տարի ԴԱՀԿ-ը հավելյալ 1,5 միլիարդ դրամի արտաբյուջետային «եկամուտ» կունենա:  Սա, իհարկե, «Փարքինգ սիթի սերվիս»-ի կամ «Քեթրին գրուպի» բերած փողերի համեմատ գուցե չնչին բան է, բայց, ինչպես ասում են, էլի բան է: 

Հակոբ Կարապետյան

Հ.Գ. Օլիգարխ Միհրան Պողոսյանն, ըստ էության, գործել է «ժանրի» կանոնների համաձայն՝ առանց որեւէ իրավական ակտի որոշել է իր սաների մարտական մկրտությունը կատարել մի վայրում, որտեղ միայն իր նկատառումներից ելնելով հարմար է գտել՝ առանց մտածելու, որ դա կարող է վիրավորել Հայաստանում ու երկրից դուրս ապրող միլիոնավոր հայերի, Եղեռնի զոհերի ուղիղ շառավիղների զգացմունքները: Տարիներ առաջ իր վերադասին ծեծելու «տհաճ միջադեպը» մարսած պաշտոնյայի ինքնավստահությունը բավականացնում է նման բաներ անել, որովհետեւ նա շատ լավ գիտի, որ համակարգի հենասյուներից մեկն է, եւ ոչ ոք նրա համար այս «մանրուքի» պատճառով պրոբլեմներ չի ստեղծի:  

Նախորդ հոդվածը‘Անդրեյ Մակարևիչը դարձել է Մոսկովյան Հելսինկյան խմբի մրցանակակիր’
Հաջորդ հոդվածը‘Փաուեր. «Երբ որդիս հետս վիճում է, սպառնում է, որ կմեկնի Ռուսաստան»’