‘Քեմբրիջից՝ Նուբարաշեն. Արամ Մուղալյանը ազատ արձակվեց (տեսանյութ)’

1080

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակվեց Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանը, ով իր ընկերների հետ միասին մեղադրվում էր Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզի ոչնչացման փորձ կատարելու և խուլիգանության հոդվածներով:

Այս դատը նույնպես կարելի է համեմատել նախապես կազմակերպված բեմականացման հետ, որն, ըստ էության, կրկին եզրափակվեց Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում կիրառելու որոշմամբ: Մուղալյանը դատական նիստի ավարտին նշեց. «Ուրախանալու բան չկա, ես սկզբից էլ ասել եմ, որ այս գործը սարքել են, որպեսզի իրենք ջրից չոր դուրս գան:» Ավելին, նա նշեց, որ մի վկայի ցուցմունքով դատվեցին  4 հոգի՝ 4 գործով: Բանտարկությունը շատ բան է փոխել Մուղալյանի կյանքում. «Տեսա կյանքի հակառակ կողմը, Քեմբրիջից՝ Նուբարաշեն, լրիվ հակառակ աշխարհներ են»,- նշեց Արամ Մուղալյանը:

«Համենայն դեպս՝ վճիռը կայացվել է կեղծ ապացույցների, մեղանդրանքների և այնպիսի վկաների ցուցմունքների հիման վրա, ովքեր առանց ոչինչ տեսնելու, տեքստերը անգիր սովորելով, ներկայացել են դատարան»,- ասեց Ա. Մուղալյանը լրագրողների հետ զրույցում:

Վերջինիս կարծիքով՝ ՀՀ դատարանը կրկին կայացրեց մի որոշում, որը որևէ առնչություն չունի օրենսդրության և արդարության հետ՝ անտեսելով և խեղաթյուրելով բոլոր փաստերը:

Արամ Մուղալյանի մայրը iLur.am-ի այն հարցին, թե ինչ է կարծում դատարանի կայացրած որոշման մասին, արդյո՞ք այն ինքնակամ է կայացվել, պատասխանեց, որ մեկնաբանության կարիք չկա՝ ակնհայտ է, որ ոչ:

Նախորդ հոդվածը‘Տրագիկոմեդիա մեկ գործողությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ճգնաժամային իրավիճակ Սևանում. Որսագողերը ոչնչացրել են սիգի բեղուն սերունդը’