Քիսինջեր․ Ուկրաինայի հակամարտությունից հետո ՌԴ-ն կմնա եվրոպական դաշտում

286

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի կարծիքով՝ երբ Ուկրաինայում հակամարտությունն ավարտվի, «Ռուսաստանը պետք է միանա եվրոպական դաշտին»։

«Գիտեմ, որ հիմա դա այնքան էլ իրատեսական չի թվում, բայց կարծում եմ, որ ապագան հենց այդպիսին կլինի»,- ասել է քաղաքական գործիչը La Stampa թերթին տված հարցազրույցում՝ նվիրված իտալացի անվանի արդյունաբերող, FIAT ավտոկոնցեռնի պատմական ղեկավար Ջաննի Անյելլիին, որին Քիսինջերը լավ է ճանաչել։

«Ջաննին շահեր ուներ խորհրդային Ռուսաստանում, և նա կարծում էր, որ Ռուսաստանը, ամբողջական իմաստով, Եվրոպայի մասն է»,- ասել է Քիսինջերը՝ հիշելով, որ եղել է ԽՍՀՄ-ում Անյելլիի հետ միասին։

«Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերություններում խնդիրն այն է, որ Ռուսաստանը միշտ հիացել է Եվրոպայով, նրա մշակութային մոդելով, բայց, միևնույն ժամանակ, միշտ վախեցել է Եվրոպայից և առհասարակ Արևմուտքից, քանի որ բազմիցս հարձակման է ենթարկվել նրանց կողմից։ Ռուսաստանն այդպես էլ վերջնականապես չի որոշել՝ ինչպես ապրել՝ հույսո՞վ, թե՞ վախով։ Ես, այնուհանդերձ, կարծում եմ, որ երբ Ուկրաինայում հակամարտությունն ավարտվի, Ռուսաստանը, անկասկած, պետք է միանա եվրոպական դաշտին։ Կարծում եմ՝ Ջաննին էլ նույնը կասեր»,- ասել է Քիսինջերը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրք քաղաքական գործիչը չի բացառում, որ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից
Հաջորդ հոդվածըԲոլսոնարուն կվերադառնա Բրազիլիա՝ վիրահատվելու