‘Օրվա համառոտ ամփոփում’

964

Այսօր հակառակորդը ձեռնարկել է հերթական հարձակումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ: 

Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն է անվանել այն տեղեկատվությունը համաձայն որի այդ երկրի ԶՈՒ կողմից հարձակում է տեղի ունեցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում և Ադրբաջանական բանակը կորուստներ ունի: Նշենք սակայն, որ գործակալության կայքում  տեղադրված լուրի համաձայն «հայկական կողմի հրադադարի խախտման հետևանքով Չիրաղլի գյուղի մոտակայքում զոհվել է զինծառայող Գ.Ահմեդովը»: 

Այսօր կառավարության նիստից հետո ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Երբ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փորձում էր հնարավորինս  արագ հեռանալ, ՀՀ կառավարության շենքի մոտ կանգնած քաղաքացիներից մեկը մոտեցել է նրան եւ հարցրել, թե վաղվանից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, եւ ինչպե՞ս է ինքը վճարելու: Քաղաքացու հարցին Երվանդ Զախարյանը  ժպտալով պատասխանել է.«Մի կերպ պիտի մուծեք»: Եւ այսպես, Զախարյանը քաղաքացուն խորհուրդ է տալիս «ՄԻ ԿԵՐՊ» մուծել անընդհատ թանկացող էլեկտրաէներգիայի գումարը, եւ դա ասում է «ձեռի հետ»: 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները երեկ մտել են Մարզահամերգային համալիր եւ առանց հիմնավորումների, համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրել շենքից: Այսօր լրագրողների հետ զրույցում համալիրի փաստաբան Արմինե Հակոբյանը հայտնեց, որ ԴԱՀԿ աշխատակիցները իրենց այդ քայլով խախտել են օրենքը, քանի որ վտարման մասին որոշում չի եղել, իսկ տեսաձայնագրություն կատարելու իրավունք ունի միայն ՀՀ ոստիկանությունը (խմբ.- տեսաձայնագրությունը կատարվել էր ԴԱՀԿ-ի կողմից): Փաստաբանը հայտարարեց, որ այդ կապակցությամբ պատկան մարմիններին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Կորյուն Գրիգորյանը իր հերթին նշեց, որ համաձայն օրենքի՝ իրենք պետք է նախապես ծանուցվեին, սակայն վերջին պահին իրեն զանգում եւ ասում են, որ ուղղակի վտարում են:

Խաղաղության և դեմոկրատիայի ինստիտուտի տնօրեն,  ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երեքամսյա կալանքը: Ադրբեջանի Դատախազության և Ազգային անվտանգության նախարարության համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը մեղադրվել է առանձին քաղաքացիների հետ գաղտնի համագործակցության մեջ, որի նպատակը եղել է Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ գործողությունների համակարգումը: 

Երեքշաբթի օրը համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Նոր Նորքի բնակիչներից մեկը նկարահանել էր, թե ինչպես են «Ջրաշխարհի» հարակից այգում շինարարական աշխատանքներ իրականացվում, և ծառեր են հատվում: Քաղաքապետարանի մամուլի խոսնակը, այս տեսանյութին ի պատասխան՝ հայտնել էր, որ «Ջրաշխարհին կից անտառների ծառերը չեն հատվում, այնտեղ պարզապես զբոսայգի է կառուցվում»: iLur.am-ը կարծիք էր հայտնել, որ Արթուր Գևորգյանի մեկնաբանությունը իրականությանը չհամապատասխանող կամ, ավելի պարզ ասած՝ սուտ է: Մեր այս մեկնաբանությանը ի պատասխան՝ խմբագրություն զանգահարած Արթուր Գևորգայնը, սակայն, պնդում էր, որ տեսանյութում չի երևում, որ ծառեր են հատվում: Եվ քանի որ տեսանյութը բավականին հեռվից էր նկարահանված, iLur.am-ի թղթակիցը երեկ այցելեց Նոր Նորքի այգի, որ տեղում ծանոթանա իրավիճակին: Մանրամասները՝ այստեղ

Հայաստանը մոտ ժամանակներս կդառնա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ, իսկ Ղրղըզստանի հետ բանակցությունները այդ մասով առաջանցիկ փուլում են: «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դուշանբեում Տաջիկստանի երիտասարդ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ:

Հուլիսի 31-ին Ուկրաինայի գերագույն ռադան չի ընդունել Արսենի Յացենյուկի կառավարության հրաժարականը: Հրաժարականի օգտին քվեարկել է ընդամենը 16 ժողովրդական պատգամավոր: Հաղորդվել է, որ ռադայի նիստն ընթացել է փակ ռեժիմով: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Գուամի դատարանը հրաժարվեց ազատ արձակել Ռոման Սելեզնյովին’
Հաջորդ հոդվածը‘Ջորջ Բուշ-կրտսերը գրել է հոր կենսագրությունը ‘