‘Օրվա համառոտ ամփոփում’

983

Այսօր  ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Դեսպանի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները, ինչպես նաև երկրի առջև ծառացած մարտահրավերները, որոնց թվում` հատկապես ընդգծելով պետության վրա համակարգային կոռուպցիայի կործանարար ազդեցությունը, շրջափակման հետևանքով տնտեսական այլընտրանքների բացակայությունը: 

Հունիսի 25-ին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանն Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: Հանդիպման ժամանակ Զուրաբյանը Մուժնիեկսին է ներկայացրել հունիսի  23-ին եւ 24-ին Երեւանում տեղի ունեցած ոստիկանական բռնությունները` ակտիվիստների եւ լրագրողների նկատմամբ: 

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի և նրա տասներեք ընկերների գործով դատական նիստը: Նիստերի դահլիճում Հարությունյանը հրաժարվեց ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Մնացական Մարտիրոսյանին` նշելով, որ հույսեր չունի, թե մեկ այլ դատավորի դեպքում արդար դատավճիռ կկայացվի: Դիմելով իր 13 ընկերներին՝ Շանթ Հարությունյանը կոչ արեց այնպիսի ելույթներ ունենալ, որոնք չեն վնասի իրենց արժանապատվությունը եւ միեւնույն ժամանակ`կօգնեն հայտնվել ազատության մեջ: 

Ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի գործադրումը նրա լիազորությունների մեջ է մտնում եւ շատ դեպքերում ֆիզիկական ուժի չգործադրումը կարող է ոստիկանին պատասխանատվության առաջ կանգնեցնել: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը` անդրադառնալով վերջերս Սարյան փողոցում տեղի ունեցած դեպքերին:  

Կոստանյանը իր խոսքում անդրադարձավ նաեւ Լյուքս Ստեփանյանի, «Հարսնաքարի» եւ Վոլոդյա Ավտետիսյանի գործերով դատաքննությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպերին: Խոսելով մարտի 1-ի գործի մասին՝ նա նշեց, որ նախաքննությունը դեռեւս շարունակվում է, իսկ լրիվության, բազմակողմանիության եւ օբյեկտիվության սկզբուքների առկայությունը դեռեւս ապահովված չի:

ԼՂՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Արմեն Արթուրի Ավետիսյանը: Բակո Սահակյանը սպանված զինվորին հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: 

Չորեքշաբթի առավոտյան պայթյուններ են որոտացել Կահիրեի մետրոյի կայարաններում, որոնց արդյունքում տուժել է երկու մարդ: Ինքնաշեն պայթուցիկ սարքերը գործի են դրվել չորս կայարաններում, որոնք գտնվում են Կահիրեի կենտրոնում և հյուսիսային մասում: Ստորգետնյա երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Վիեննայում Պուտինին դիմավորել են հայհոյական «հիթով» և մերկ կրծքերով’
Հաջորդ հոդվածը‘Վրեժ Քասունին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել անիմացիայի զարգացման ոլորտին ‘