‘Ֆաշիզմը՝ որպես իշխանության վերարտադրման մեխանիզմ’

1720

Ֆաշիզմը հիմնականում ի հայտ է գալիս ոչ ժողովրդավարական երկրներում` քաղաքական ճգնաժամների ժամանակ, որոնք ուղեկցվում են սոցիալական ճգնաժամով: Տեղի է ունենում կենտրոնացում տվյալ հանրույթի պատմության ընթացքում տեղի ունեցած լավագույն պահերի վրա:

Ֆաշիզմի սոցիալական մոդելն ավելի շուտ կենտրոնացած է ազգի, քան ազգը կազմող անհատների վրա: Այն ձգտում է ստեղծել միավորված և համերաշխ մի խումբ, որը կունենա ամուր ինքնություն: Դրա համար հարկավոր է, որ այդ խումբը` հանրույթը, ունենա ընդհանուր պատմություն և ճակատագիր, և որ այն կառուցվի սեփական մշակութային ամրությունը հավերժացնելու կամքի վրա: Ըստ ֆաշիստական կուսակցությունների` մշակույթը և մենթալիտետը (մտածելակերպը) փոխանցվում են գեներով, իսկ ժողովրդավարությունը և լիբերալ արժեքները ընկալվում են որպես օտարածին գաղափարախոսություններ, որոնք հասարակության մեջ են ներարկվում արտաքին «մութ ուժերի» կողմից, որոնց նպատակն է խարխլել ազգային արժեհամակարգի հիմքերը: Այդ ժամանակ առաջ է գալիս ազգային մշակույթն ու ազգային մենթալիտետն ամեն գնով պաշտպանելու խնդիրը, որոնք, ըստ ֆաշիստների, ուժեղ պետության հիմանական նախապայմաններն են: Սեփական գենը դարձնելով պաշտամունքի առարկա՝ ֆաշիստները պնդում են, որ դրան բնորոշ չեն ազատական արժեքներն ու ժողովրդավարությունը: Հավատալը, ենթարկվելը և կռվելը դառնում են արժեքներ, վերլուծելն ու քննադատելը որակվում են որպես անհնազանդություն: Դրա համար էլ հարկավոր է ստեղծել մի կարևոր զգացմունք, գտնել ընդհանուր թշնամի, որը ձգտում է ոչնչացնել կոլեկտիվը, և որի դեմ էլ ամբողջ խումբը պետք է մոբիլիզացվի:

Այս մոբիլիզացիան թույլ է տալիս խստորեն ոչնչացնել ամեն մի բողոք` առանց կորցնելու ժողովրդական աջակցությունը: Կարևոր չեն ծրագրերը: Կարևոր է անվերապահորեն առաջնորդին ենթարկվելը: Ֆաշիստները կարծում են, որ պատմությունը կերտում են ո՛չ զանգվածները, ո՛չ լռության մեջ գործող ուժերը և ո՛չ էլ անգամ գաղափարները: Ըստ նրանց, պատմությունը կերտում է իր հզորությանը հավատացող էլիտան: Ահա, թե ինչու հնարավոր չէ ֆաշիստական գաղափարախոսության գերիշխանության պայմաններում ձևավորել ժողովրդավարական պետություն: Այդպիսով, տեղի է ունենում ներկա անմխիթար վիճակի (ձևական ընտրությունների, սոցիալական անհավասար պայմանների, օրենքի առաջ ահավասարության) ռացիոնալիզացիա: Իրականում մշակույթ է հանդիսանում մարդու կողմից ստեղծված յուրաքանչյուր իր՝ թե նյութական, թե հոգևոր: Մշակույթը զարգանում է փոխազդեցության սկզբունքով  բացառություն են կազմում աֆրիկայն այն ցեղերը, որոնք ապրում են մեկուսացված պայմաններում: Ինչպե՞ս կարող է օրինակ՝ Մարքսի «Կապիտալ»-ը, կամ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի երեկվա համարը փոխանցվել գեներով: Հարց, որին ֆաշիստները այդպես էլ չկարողացան պատասխանել: Չկարողանալով հասնել ժողովրդավարության՝ ֆաշիստական իշխող կուսակցությունը պնդում է, որ ժաղովրդավարությունը, ազատականությունը բնորոշ չեն տվյալ էթնիկ տարրին՝ գենի օրիգինալության պատճառով: Այսպիսով տեղի է ունենում առկա բռնատիրական կարգերի ռացիոնալիզացիա: Գենը, մշակույթը, մենթալիտետը պահպանելու կոչ անելով` իրականում նրանք կոչ են անում պահպանել առկա բռնատիրական ռեժիմը՝ սեփական իշխանությունն ու կապիտալը:

 

Հ.Գ. Այս ամենը հայկական իրականությունում դիտարկելու դեպքում դժվար չի լինի նկատել, որ ՀՀԿ իշխանությունը, ըստ էության, ֆաշիստական կարգերի ջատագովն է ու կրողը, որովհետև

ա) ֆաշիզմի աչքերում անհատը արժեք չէ, իսկ ժողովուրդը դիտարկվում է որպես համընդ­հա­նուր կամք արտա­հայ­տող մոնոլիտ միասնություն (կարելի է հիշել թեկուզ՝ դեռեւս էկրան չբարձրացած՝ Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի հհկամերձ մեկնաբանությունը՝ Նժդեհն ազգային արժեք է, հետեւաբար՝ անգամ ոչ բարձրակարգ ֆիլմում մարմնավորված նրա կերպարը քննադատության ենթակա չէ, սրբապղծություն է եւն);

բ) քա­նի որ իշխանությունը զավթած ուժի առաջնորդը հավակ­նում է ներկայացնել համընդհանուր կամքը (Այս առումով հատկանշական էր 2012-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, երբ ամենազանգվածային հռչակված քաղաքական ուժի ընտրարշավը միանձնյա կերպով վարում էր կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Կարելի է հիշատակել նաեւ այն, որ վերջին տարիներին, սկսած միջին պաշտոնյայից մինչեւ նախարար եւ ԱԺ ղեկավարություն, պետական պաշտոնյաները ցանկացած ոլորտի մասին խոսելիս հիշատակում են Սերժ Սարգսյանի «բարձր» կամքի առկայությունը);

գ) իր իշխանությունը պատվիրակելու իրավունքը կորցնելով՝ քաղաքացին զրկվում է գործելու հնարավորությունից և օգտագործվում միմիայն զորակոչի համար, եւ ժո­ղո­վուրդն, այս­պի­սով, գոյում է բացառապես որպես թա­տերական ֆե­նո­մեն, ինչի հետ առերեսվում ենք մեր երկրի տխուր իրականության պայմաններում:

 

Գուրգեն Ասատրյան

Նախորդ հոդվածը‘Լեւոն Արոնյան. Դեռ ամեն ինչ հնարավոր է’
Հաջորդ հոդվածը‘Անելկան կտեղափոխվի «Յուվենտուս»’