‘ՖԱՖ-ի կոչը երկրպագուներին’

1054

Հայաստանի հավաքականի երկրպագուների՝ ՖԱՖ շարժումը հանդես է եկել կոչով՝ ուղղված երկրպագուներին, որտեղ նշված է.

«Մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում կկայանա աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: ՖԱՖ-ը, ինչպես միշտ, խաղից առաջ կազմակերպելու է երկրպագուների միասնական երթ դեպի մարզադաշտ: Երթը կընթանա Օպերա — Թումանյան փողոց — Հյուսիսային պողոտա — Հանրապետության հրապարակ — Վերնիսաժ — Վարդան Մամիկոնյանի արձան — Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ ճանապարհով: ՖԱՖ-ը տեղեկացնում է, որ հավաքվելու են ժամը 17:00-ից` Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ: Երթը կսկսվի ժամը 18:30-ին և կավարտվի 19:00-ին` «Հանրապետական» մարզադաշտում:

«ՖԱՖ-ը բոլորին կոչ է անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` կարմիր շապիկներով: Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է: Երթի ընթացքում կվառվեն ֆայերներ, իսկ բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Խաղի սկիզբը` 20:00-ին: Դուք արդեն տեղեկացված եք, որ ՀՖՖ-ն «Ռեդ իգլսին» տվել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական ֆան-ակումբի կարգավիճակ:

Չնսեմացնելով այդ ֆան-ակումբի մեկամյա ավանդը` շնորհավորհում ենք նրանց և ցանկանում, որ էլ ավելի եռանդով տրվեն իրենց վստահված գործին: Տեղեկացնում ենք նաև, որ ՀՖՖ-ի որոշմամբ նախկինում մեր կազմակերպությանը տրամադրվող նստատեղերի տոմսերը այժմ տրամադրվել են «Ռեդ իգլս» ֆան-ակումբին, և ուղղակիորեն հնարավոր չէ տոմսարկղերից ձեռք բերել արևելյան տրիբունայի մեծ քանակությամբ տոմսեր, այսինքն, ստեղծվել է խոչընդոտ, որպեսզի ՖԱՖ-ը չլինի մարզադաշտի այն հատվածում, որտեղից 6 տարիների ընթացքում անմնացորդ նվիրվածությամբ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի տարիքային բոլոր հավաքականներին:

Ստեղծված իրավիճակում «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման ղեկավար մարմինը կայացրել է որոշում`մեր շարժման անդամների կողմից մատուցվող երկրպագումը արևելյան տրիբունայից տեղափոխել հարավային տրիբունա` 1 ին սեկցիա: Այս տարիների ընթացքում հազարավոր հայ երկրպագուներ ՖԱՖ-ին միացել են հենց մարզադաշտում: Տրիբունայում իրար կողք կանգնած, ուս-ուս տված միշտ կարողացել ենք հզոր աջակցություն ցուցաբերել մեր հավաքականին, հիմա նույնպես հանդես ենք գալիս կոչով մեզ միանալու հարավային տրիբունայի 1-ին սեկցիայում` Հարավայինից հզոր, միասնական աջակցություն ցուցաբերելու մեր ազգային հավաքականին կարևորագույն խաղում: Միաժամանակ վստահեցնում ենք բոլորիդ ևս մեկ անգամ ՖԱՖ-ը` «առաջին հայկական ճակատը», Հայաստանի ազգային բոլոր տարիքային հավաքականների ֆան-շարժումը եղել է, կա և կմնա իր տեսակի մեջ առաջինը Հայաստանում` ուժեղ, անկախ և անփոխարինելի»:

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի մասին նախագիծը մտավ ԱԺ օրակարգ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «փակ ասուլիս» է հրավիրել’