ՖԻՖԱ-ի նախագահն անհեթեթություն է որակել Բրազիլիա — Արգենտինա խաղում տեղի ունեցածը

341

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականների միջև 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 6-րդ տուրի սկանդալային հանդիպմանը, որն անավարտ էր մնացել:

«Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Արգենտինայի և Բրազիլիայի՝ Հարավային Ամերիկայի ամենահայտնի հավաքականների խաղում: Որոշ պաշտոնյաներ, ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ խաղի մեկնարկից քիչ անց մտան խաղադաշտ, որպեսզի տանեն որոշ խաղացողներ: Դա անհեթեթություն է, սակայն մենք պետք է լուծենք այդ խնդիրը: Դրանք հարցեր են, որոնք առաջացան կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի ֆոնին»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է Reuters-ը:

Բրազիլիա – Արգենտինա հանդիպումը դադարեցվել էր 0։0 հաշվի ժամանակ և մնացել անավարտ: Արգենտինայի հավաքականը մեկնարկային մի քանի րոպեներից հետո լքել էր խաղադաշտը, քանի որ Բրազիլիայի ներգաղթային ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները ստադիոնից փորձել էին դուրս բերել անգլիական ակումբներում հանդես եկող Էմիլիանո Մարտինեսին, Էմիլիանո Բուենդիային, Լո Չելսոյին ու Կրիստիան Ռոմերոյին և նրանց արտաքսել երկրից կորոնավիրուսային կանոնները խախտելու համար։ Նրանք պետք է Բրազիլիայում 10 օր մնային կարանտինում, քանի որ Մեծ Բրիտանիան կորոնավիրուսի համավարակի տարածման բարձր ռիսկի երկների ցուցակում է։ Այդ ֆուտբոլիստները չեն մնացել կարանտինում՝ հիմնավորելով, թե վերջին շրջանում չեն եղել Մեծ Բրիտանիայում։

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը 7 խաղից հետո 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Արգենտինան ունի 15 միավոր: 13 միավորով երրորդ տեղում են էկվադորցիները, որոնք անցկացրել են 8 հանդիպում:

Նախորդ հոդվածըԱմռանը բոլորից շատ ծախսել են անգլիական, վաստակել գերմանական ակումբները
Հաջորդ հոդվածըUS Open. Կիսաեզրափակիչի առաջին զույգը