‘Ֆուտբոլային տարի -2013 . ամփոփում. ‘

1546

Պատմական ապտակ՝ «Բարսելոնային», պատմական գերմանական եզրափակիչ, «Բավարիայի» ոսկե «հեթ-տրիկ», Սկոլարիի Բրազիլիայի վերածնունդ՝ առանց գեղեցիկ ֆուտբոլի, տրանսֆերային ռեկորդներ և Ռոնալդուի «հրամանատարային» գովազդային արշավը դեպի «Ոսկե գնդակ»: 2013-ին կատարված այս և այլ ֆուտբոլային երևույթների մասին՝ ստորև: Սկսենք տարվա ամփոփումից՝ ըստ ամիսների:

 

 

 

 

Հունվար

Լեո Մեսսին, ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի անվանակարգին ներկայանալով Մարադոնայի կողմից արդեն կրած կոստյումի դիզայնով, կրկին՝ արդեն չորրորդ անգամ, արժանացավ «Ոսկե գնդակին», իսկ տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Եվրո-2012-ում հաղթանակած Վիսենտե Դել Բոսկեն: Անմիջապես արարողությունից հետո «Բավարիան» պաշտոնապես հայտարարեց, որ հաջորդ մրցաշրջանում թիմը կգլխավորի Պեպ Գվարդիոլան: «Բունդեսլիգայում» կատալոնցու հայտնվելու լուրը միանշանակ չընդունվեց հատապես տեղական մամուլում, որտեղ համարում էին, որ այդ լուրը կարող է խանգարել այդ պահին Եվրոպայում լավագույն ֆուտբոլը ցուցադրող «Բավարիային»՝ հաղթելու բոլոր հնարավոր մրցաշարերում, ինչին, նրանց կարծիքով, թիմն ունակ էր: Հնարավոր է՝ Գվարդիոլայի որոշումը է՛լ ավելի մեծ հարված էր Ռոման Աբրամովիչի համար, ով արդեն թիմ էր պատրաստում նրա համար: Իսպանիայում տեղի ունեցավ գավաթային «սուպերկլասիկո», թիմերը իրենց լավագույն մարզավիճակում չէին, և ձանձրալի խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1:

Փետրվար

 

Նիգերիան հաղթեց երևի թե վերջին 20 տարիների ամենաաստղազուրկ՝ Աֆրիկայի ազգերի գավաթում: Անդերդոգ համարվող «Միլանը» ՉԼ-ի 1/8-րդ եզրափակչում անակնկալ հաղթանակ տարավ Բարսայի նկատմամբ՝ թույլ չտալով կատալոնցիներին գեթ մեկ անգամ հարվածել Աբյատիի դարպասին: Կրիշտիանու Ռոնալդուն գրավեց իր նախկին թիմի՝ «ՄՅՈՒ-ի» դարպասը, և «Օլդ Թրաֆորդում» խաղից առաջ թիմեր հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները թողեց հավասար:

Մարտ

 

Իսպանական երկու «սուպերկլասիկոներում» էլ հաղթանակեց Մադրիդի «Ռեալը». գավաթային խաղում նրանք Բարսային գերազանցեցին 3-1, իսկ առաջնության ոչինչ չորոշող խաղում (կատալոնցիները միավորների չափազանց մեծ առավելություն ունեին և չեմպիոնությունը, միևնույն է, բաց չէին թողնի) 2-1 հաշվով: Առանց գլխավոր մարզչի մնացած Բարսան հայտնվեց անդունդի եզրին: «Միլանի» հետ պատասխան խաղից առաջ Չավին հայտարարեց, որ «այս թիմին պակասում է միայն պատմական շրջադարձը իսկ Նյու Յորքում քաղցկեղից բուժվող Տիտո Վիլանովան իր սաներին հաղորդեց, որ 1/4-րդ դուրս գալու դեպքում կվերադառնա Բարսելոնա: Բարսան կարողացավ երևի թե իր պատմության ամենահիշարժան «ռեմոնտադան» (շրջադարձ) ձևակերպել՝ հաղթելով իտալացիներին 4-0 հաշվով: ՉԼ-ի մեկ այլ կենտրոնական դիմակայության ելքը վճռեց թուրք մրցավար Ջունյեթ Չաքիրը, ով կարմիր քարտ հորինեց Նանիի համար: Խաղից հետո Ֆերգյուսոնը հայտարարեց, որ ի տարբերություն «Բարսելոնայի»՝ մադրիդցիներն իրենց ձեռքից խլեցին հաղթանակը, իսկ Մոուրինյոն նրան պատասխանեց, որ հասկանում է շոտլանդացուն, քանի որ նախորդ տարիներին իրենց շատ հաղթանակներ են գողացել: Երևանում մեր ազգային հավաքականը չեխերի դեմ հավասար հանդիպում անցկացրեց, բայց պարտվեց 0-3 հաշվով:

Ապրիլ

 

«Բավարիան» որևէ լուրջ խնդիր չունեցավ «Յուվենտուսի» դեմ խաղերում` երկու խաղերի արդյունքում Կոնտեի թիմին հաղթելով 4-0 հաշվով: Դորտմունդի «Բորուսիան» դարձավ մրցաշրջանի առաջին հրաշքի հեղինակը՝ «Մալագայի» հետ դիմակայության ելքը փոխելով մրցավարի ավելացրած ժամանակում, ճիշտ է, վճռորոշ գոլը Սանտանան խփեց խաղից դուրս իրավիճակից: Վնասվածքից չապաքինված Լեո Մեսսիին ընդամենը մի քանի րոպե պահանջվեց, որպեսզի ՉԼ-ի 1/4-րդի ՊՍԺ-ի դեմ խաղում փոխարինման դուրս գա և գոլ ստեղծի ոչնչից, ինչը Բարսային օգնեց դուրս գալ կիսաեզրափակիչ: «Պրեմիեր լիգայում» Գարեթ Բեյլը ճանաչվեց մրցաշրջանի լավագույն խաղացող, իսկ Լուիս Սուարեսը, ով պակաս արժանի չէր այդ մրցանակին, կծեց Իվանովիչի ձեռքն ու որակազրկվեց 10 խաղով. «մեծահարուստ» ակումբները սկսեցին բանակցությունները ուրուգվայցուն ձեռք բերելու համար: Տեղի ունեցավ ՉԼ-ի կիսաեզրափակիչների վիճակահանությունը՝ «Բավարիա» — «Բարսելոնա» և «Բորուսիա» — «Ռեալ Մադրիդ» իսպանական թիմերը պարտվեցին, գրեթե առանց շանսի: Բարսան, խայտառակվելով՝ ընդհանուր 7-0, իսկ «Ռեալը»՝ ոչ այնքան ամոթալի 4-3: Դիմակայությունների հաղթողների հարցում որոշիչ էր գերմանական թիմերի առավելությունը դաշտի կենտրոնական հատվածում և հակագրոհելիս:

Մայիս

 

«Ուիգան» Անգլիա գավաթի եզրափակչում հաղթեց «Մանչեստեր Սիթիին»՝ դառնալով Մանչինիի պաշտոնանկության պատճառը: Դևիդ Բեքհեմը հրաժեշտ տվեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերային՝ հայտարարելով, որ այդ որոշումը կայացրեց, երբ «Լեո Մեսսին քայլելով շրջանցեց իրեն»: ՊՍԺ-ն հաղթեց Ֆրանսիայի առաջնությունում: Յուվեն առաջինն էր Իտալիայում, իսկ Բարսան պաշտոնապես ձևակերպեց Իսպանիայի չեմպիոնությունը: Սըր Ալեքսն էլ հրաժեշտից առաջ նվաճեց Անգլիայի չեմպիոնության տիտղոսը: Իսպանիայի գավաթի եզրափակչում՝ Մոուրինյոյի հրաժեշտի խաղում, Սիմեոնեի «Ատլետիկոն» 14 տարվա ընմիջումից հետո հաղթեց մադրիդյան դերբիում. պորտուգալացիներ Ժոզե Մոուրինյոն և Ռոնալդուն ստացան կարմիր քարտեր, իսպանական մամուլը սկսեց խոսել այն մասին, որ նրանց այլևս չենք տեսնի «սերուցքայինների» կազմում: Բենիտեսի «Չելսին» նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը՝ «Բենֆիկային» հաղթելով 2-1 հաշվով, «արծիվներին» մի քանի օրվա ընթացքում հասցնելով երկրորդ մահացու հարվածը, մի քանի օր առաջ Ժորզե Ժեզուշի սաները, «Պորտուի» դեմ խաղի նույնպես վերջին րոպեներին կորցրել էին Պորտուգալիայի չեմպիոնի տիտղոսը:

ՉԼ-ի առաջին գերմանական եզրափակչում «Բավարիան» գերազանցեց Կլոպի «Բորուսիային» և ձևակերպեց տիղոսների «հեթ-տրիկ», մինչ այդ նրանք հաղթել էին Գերմանիայի գավաթում և հռչակվել էին «Բունդեսլիգայի» չեմպիոն:

Հունիս

  

Բրազիլիայում մեկնարկեց Կոնֆեդերացիայի գավաթը, որտեղ սկսեց փայլել Նեյմարը: Խաղարկության եզրափակչում բրազիլացիները 3-0 հաշվով հաղթեցին իսպանացիներին՝ վերածվելով հաջորդ տարի տեղի ունենալիք Մունդիալի ֆավորիտների: Մրցաշարից առաջ տեղի ունեցավ վերջին տարիների ամենասպասված տրանսֆերներից մեկը՝ «Բարսելոնան» Նեյմարին ձեռք բերեց ՝«Սանտոսին» վճարելով 57 մլն €: Մադրիդի «Ռեալը» սկսեց ավելի շատ նմանվել իսպանական թիմի: Ֆլորենտինո Պերեսը թիմ հետ բերեց Կարվախալին, բացի այդ՝ ընդհանուր մոտ 70 մլն € ծախսեց Իսկոյին և Իլյարամենդիին ձեռք բերելու համար: Անդրեյ Ռիբոլովլևի «Մոնակոն» համալրեց ֆուտբոլային «բիզնես նախագծերի» շարքը: Ռուս գործարարը գնեց Ֆալկաոյին, Խամես Ռոդրիգեսին և Ժոաո Մոուտինյոյին: Հայաստանի ազգային հավաքականը խայտառակ պարտություն կրեց Մալթայի հավաքականից. Վարդան Մինասյանը հրաժարական տվեց, սակայն ՀՖՖ-ն հրաժարվեց ընդունել այն: Ընդամենը 4 օր հետո մեր ազգային հավաքականը պատմական հաղթանակ տարավ Դանիայում՝ այդ երկրի ազգային հավաքականին հաղթելով 0-4 հաշվով:

Հուլիս

 

Հենրիխ Մխիթարյանը երկարատև բանակցություններ վարեց «Լիվերպուլի» հետ, բայց վերջ ի վերջո տեղափոխվեց «Բորուսիա» Դորտմունդ: Պեպ Գվարդիոլան սկսեց իր աշխատանքը «Բավարիայում», և նախ Պեպը ընկերական հանդիպում անցկացրեց իր հարազատ Բարսայի հետ, որի երիտասարդացված կազմին «Բավարիան» հաղթեց 2-0 հաշվով, իսկ հետո կատալոնցին պարտվեց առաջին իսկ կարևոր խաղում՝ Գերմանիայի սուպերգավաթի խաղում պարտվելով Կլոպի «Բորուսիային» 4-2 հաշվով: «Բարսելոնան» հայտրարեց, որ Տիտո Վիլանովայի մոտ կրկնվել է քաղցկեղը, և անակնկալ կերպով թիմի մարզիչ նշանակեց «Նյուելզ Օլդ Բոյսի» գլխավոր մարզիչ Տատա Մարտինոյին: Իսպանական մամուլում սկսեցին խոսել, թե ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ Մարտինոն Լեո Մեսսիի հոր ընկերն է և ծնունդով, ինչպես և Լեոն, Ռոսարիոյից է:

Օգոստոս

 

Ֆրանկ Ռիբերին արժանացավ ՈՒԵՖԱ-ի տարվա լավագույն խաղացող մրցանակին: Իսպանիայի սուպերգավաթում «Ատլետիկոն» և Բարսան երկու անգամ ոչ-ոքի խաղացին, սակայն Նեյմարի՝ հյուրընկալվելիս խփած գնդակը որոշիչ դարձավ, և Տատա Մարտինոն նվաճեց իր առաջին եվրոպական տիտղոսը: Եվրոպայի սուպերգավաթի ավելացրած ժամանակում հին ծանոթներ Գվարդիոլայի և Մոուրինյոյի նոր թիմերը փայլուն ներկայացում ցուցադրեցին՝ Պեպի թիմը նախ փրկեց, իսկ ավելացրած ժամանակի վերջին րոպեին Մարտինեսի գոլի շնորհիվ նվաճեց մրցաշրջանի չորրորդ տիտղոսը: 

Սեպտեմբեր

 

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը պաշտոնապես հաստատվեց Գարեթ Բեյլի տեղափոխությունը՝ 100 մլն  €  արժողությամբ տրանսֆերը  դեպի «Ռեալ Մադրիդ», ինչին հաջորդեց Մեսութ Օզիլի տեղափոխությունը դեպի «Արսենալ»: Պելեգրինի «Մանչեստեր Սիթին» մրցաշրջանի առաջին մեծ խաղում 4-1 հաշվով հաղթեց «Մանչեստեր Յունայթեդին»: «Կարմիր սատանաների» երկրպագուներն սկսեցին պահանջել Դեյվիդ Մոյեսի հրաժարականը: Հայաստանի ազգային հավաքականը նախ, հյուրընկալվելիս, վերջին րոպեին Գևորգ Ղազարյանի խփած գոլի շնորիվ հաղթեց Չեխիայի ազգային հավաքականին, սակայն վնասվածքները և որակազրկումները խթանեցին Երևանում դանիացիներին պարտվելուն:

Հոկտեմբեր

ՄՅՈւ-ում ի հայտ եկավ նոր տաղանդ՝ Անդայ Յանուզայը, ով հաղթանակ պարգևեց «Յունայթեդին» «Սանդերլենդի» դեմ խաղում: Իբրահիմովիչը հրաշալի «պոկեր» ձևակերպեց ՉԼ-ի խմբային փուլի «Անդերլեխտի» դեմ խաղում: Տատա Մարտինոն «մարզչական» հաղթանակ տարավ իր առաջին «սուպերկլասիկոյում»: Զեպպ Բլատերը ծաղրեց Կրիշտիանո Ռոնալդուին, ինչից հետո պորտուգալացին հայտարարեց, որ բազմաթիվ երևույթներ իրեն սկսեցին «հասկանալի դառնալ»: «Կիևոյի» դեմ հաղթանակից հետո Ռուդի Գարսիայի «Ռոման» գրանցեց «Սերիա Ա-ի» նոր ռեկորդ՝ հաղթելով իտալական առաջնության մեկնարկային 10 խաղերում: Վարդան Մինասյանի սաները դժվարին 2-1 հաշվով հաղթեցին բուլղարացիներին, որից 4 օր հետո մերոնք հանդիպման ընթացքում 2 անգամ ոչ-ոքի խաղացին Իտալիայի ազգային հավաքականի հետ:

Նոյեմբեր

ԱԱ 2014-ի անցումային խաղում Պորտուգալիան ընդհանուր 4-2 հաշվով հաղթեց Շվեդիայի հավաքականին և ձեռք բերեց Բրազիլիայի ուղեգիր: Շվեդիայում կայացած հանդիպմանը Կրիշտիանո Ռոնալդուն ձևակերպեց «հեթ-տրիկ»: Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց, որ պորտուգալացին իրենից լավ ֆուտբոլիստ չէ և ընդամենը կարողանում է «հակագրոհելիս վազել և հարվածել», իսկ ՖԻՖԱ-ն հանդիպումից անմիջապես հետո կայացրեց նախադեպը չունեցող որոշունմ՝վերաբացելով «Ոսկե գնդակի» համար քվեարկությունը: Լեո Մեսսին վնասեց մկանը, որի պատճառով պետք է բացակայեր 2 ամիս: Արգենտինացին որոշեց վերականգնումը անցնել հայրենիքում:

Դեկտեմբեր

«Նապոլին» և «Յուվենտուսը» թրիլլերային սցենարով հրաժեշտ տվեցին ՉԼ-ին՝ չկարողանալով դուրս գալ «փլեյ-օֆֆ»: Նույն ՉԼ-ում Նեյմարը բացեց իր գոլերի հաշիվը «Սելտիկի» դեմ խաղում՝ դառնալով «հեթ-տրիկի» հեղինակ, իսկ Պելեգրինիի «Սիթին» դարձավ առաջին թիմը, որը կարողացավ մեկնարկած մրցաշրջանում հաղթել «Բավարիային»: Տեղի ունեցավ ՉԼ 1/8-րդ փուլի վիճակահանությունը, որտեղ տեղի կունենան «Մանչեստեր Սիթի» — «Բարսելոնա» ր «Արսենալ» — «Բավարիա» դիմակայություններ:

Լուիս Սուրաեսը «Նորվիչի» դեմ խաղում դարձավ «պոկերի» հեղինակ և միջին արդյունավետության ցուցանիշներով վերածվեց «Պրեմիեր լիգայի» լավագույն գոլահարի: «Մանչեստեր Սիթին» նախ 6-3 հաշվով հաղթեց «Պրեմիեր լիգայի» առաջատար «Արսենալին», իսկ հետո նաև «Լիվերպուլին»:

Մյունխենի «Բավարիան» նվաճեց աշխարհի ակումբային առաջնության գավաթը՝ եզրափակչում «Ռաջա Կասաբլանկային» հաղթելով 2-0 հաշվով: Խաղից հետո Ֆրանկ Ռիբերին ասաց. «Չգիտեմ՝ ավելի ինչ կարող եմ անել «Ոսկե գնդակին» արժանանալու համար»:

Նախորդ հոդվածը‘Բագրատյան. Ներդրումները Հայաստանում նվազում են այն դեպքում, երբ աշխարհում հայությունը ծաղկում է’
Հաջորդ հոդվածը‘Շվեյցարիան կաջակցի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին’