‘Ֆրանսիայի դատախազություն. Մարզասարքերը չէին կարող լինել Միխայիլ Շումախերի անկման պատճառը’

773

Ֆրանսիացի քննիչները բացառում են այն վարկածը, թե Միխայիլ Շումախերի ընկնելու պատճառը կարող էր լինել լեռնադահուկային սարքը: Այդ մասին այսօր հաղորդել է լեռնային ժանդարմերիայի ներկայացուցիչ Ստեֆան Բոզոնը, որը մասնակցում է ֆրանսիական Մերիբել առողջարանում հանրաճանաչ ավտոարշավորդի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետաքննությանը: «Սարքը լավ վիճակում է եղել և չէր կարող պատահարի պատճառ դառնալ»,- ասել է Բոզոնը:

Մեկնաբանելով Շումախերի բացած արագության հարցը՝ նա նշել է, որ անկման շրջանում՝ մոտավորապես 2 700 մ բարձրության վրա, ճանապարհի թեքությունն այնքան էլ մեծ չէ: Միևնույն ժամանակ՝ Ալբերվիլ քաղաքի դատախազ Պատրիկ Կինսին ընդգծել է, որ «գործի քննության համար արագությունն ամենևին էլ ամենաառանցքային հարցը չէ»: Կինսին նաև հայտնել է, որ Շումախերի սաղավարտին ամրացված տեսախցիկի նկարահանումը 2 րոպեանոց է, և այնտեղ ֆիքսված է նաև ընկնելու պահը:

Դժբախտ պատահարից հետո, որի արդյունքում Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել և գտնվում է կյանքի ու մահվան սահմանագծին, լուրջ բանավեճ է սկսվել պատահարի հանգամանքների վերաբերյալ: Գրենոբլի հիվանդանոցի բժիշկները լուրջ վնասվածքներ են արձանագրել, որոնք կարող էին առաջանալ «մեծ արագությամբ ընթանալիս ընկնելու դեպքում»: Նաև նշվում էր, թե ավտոարշավորդի սաղավարտը բառի բուն իմաստով երկու կես էր եղել: Սակայն դրանից անմիջապես հետո ականատեսներ էին հայտնվել, ովքեր պնդել են, թե Շումախերը չի գերազանցել 20 կմ/ժ արագությունը, փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայում ոստիկանների զանգվածային հեռացումների առիթով’
Հաջորդ հոդվածը‘Եթե մոգերը ենթարկվեին Հերովդեսի կամքին’