Ֆրանսիայի դեսպանը Բելառուսի իշխանությունների պահանջով լքել է երկիրը

494

Բելառուսում Ֆրանսիայի դեսպան Նիկոլյա դը Բույան դը Լակոստը լքել է երկիրը, կիրակի օրը տեղեկացրել է ֆրանսիական դիվանագիտական առաքելությունը՝ չբացատրելով, թե ինչու է հանրապետության ԱԳՆ-ն պահանջել, որ դեսպանը հեռանա։

Բելառուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ կոնֆլիկտը ծագել է այն պատճառով, որ դը Լակոստը չի մասնակցել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հավատարմագրեր հանձնելու արարողությանը։ Ֆրանսիայի դեսպանատան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ դիվանագետը հավատարմագրերի երկրորդ օրինակը հանձնել է արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյին 2020 թ․ դեկտեմբերի 8-ին։

«Բելառուսի ԱԳՆ-ն դեսպանին խնդրել է հեռանալ մինչև հոկտեմբերի 18-ը։ Նա հրաժեշտ է տվել դեսպանատան աշխատակիցներին և տեսաուղերձով դիմել է բելառուսցի ժողովրդին»,- հաղորդել է դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի սկզբին դը Լակոստը հանդես է եկել Բելառուսում մահապատիժը չեղարկելու օգտին։

Ֆրանսիան, ինչպես և Եվրամիության մյուս երկրները, չեն ճանաչել անցած տարվա օգոստոսին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՔաբուլցի դիմահարդարուհի․ «Ինձ նման կանայք թալիբների համար թշնամիներ են»
Հաջորդ հոդվածըԻսպանիայում կարգելվի պոռնկությունը