‘180 երկրների պատվիրակություններ կժամանեն Ֆրանցիսկոս պապի գահակալման արարողությանը’

933

Աշխարհի 180 պետությունների ղեկավարներ կամ բարձրաստիճան պատվիրակություններ են ժամանելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի գահակալման արարողությանը, որը մարտի 19-ին տեղի կունենա Վատիկանում, երբ կաթոլիկ եկեղեցին տոնում է Սուրբ Հովսեփի օրը: Այս մասին հայտնում է «Риа Новости» գործակալությունը:

Վատիկանում կայանալիք արարողությանն իրենց մասնակցության մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չարլզը, Իսպանիայի Սոֆյա թագուհին և գահաժառանգ արքայազն Ֆելիպեն, ինչպես նաև Բելգիայի թագավորական զույգը՝ Ալբերտ Երկրորդը և Պաոլան:

ԱՄՆ-ն ներկայացնելու է երկրի փոխնախագահ Ջո Բայդենը, Արգենտինան՝ նախագահ Կրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները, Բրազիլիան՝ նախագահ Դիլմա Ռուսեֆը, Մեքսիկան՝ նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն: Իրենց ներկայությունն արդեն հաստատել են Գերմանիայի նախագահ Յոահին Գաուկը և կանցլեր Անգելա Մերկելը, Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: Առայժմ հայտնի չէ՝ Վատիկան կժամանի արդյոք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, թե երկիրը կներկայացնի վարչապետ Ժան Մարկ Էյրոն:

Հռոմի պապի գահակալման արարողությանը Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնելու է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

Սուրբ աթոռը դիվանագիտական հարաբերություններ է պահպանում աշխարհի 179 երկրների հետ:

Նախորդ հոդվածը‘Կանադայում 2 կալանավոր բանտից փախել են ուղղաթիռի օգնությամբ’
Հաջորդ հոդվածը‘Փարիզում բողոքի ցույց են կազմակերպել մարմնավաճառ կանայք (ֆոտոշարք)’