Կեյրուշը հեռացավ Իրանի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից

236

Պորտուգալացի Կառլուշ Կեյրուշը հեռացավ ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։ Այդ մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում արած գրառումով։ Կեյրուշը երկրորդ անգամ էր գլխավորել Իրանի հավաքականն այս տարի։

Նրա ղեկավարած թիմը չկարողացավ հաղթահարել աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը՝ B խմբում 3 միավորով գրավելով երրորդ տեղը։ Իրանցիները 2:6 հաշվով պարտվեցին Անգլիային, 2:0 հաշվով հաղթեցին Ուելսին եւ 0:1 հաշվով պարտվեցին ԱՄՆ-ի թիմին։

«Ֆուտբոլում չեն լինում բարոյական հաղթանակներ, բայց նաեւ ոչ մի անբարոյական բան չկա, եթե չես հասնում երազանքիդ՝ անելով հնարավոր ամեն ինչ մեծ ցանկությամբ եւ տղամարդկային հաղթական տրամադրվածությամբ։

Հպարտ եմ Իրանի թիմի ֆուտբոլիստներով, որոնք հրաշալի էին խաղադաշտում եւ խաղադաշտից դուրս։

Մեծ պատիվ եւ արտոնություն էր այս ֆուտբոլային ընտանիքի մի մասնիկը լինելը։ Դուք արժանի եք հարգանքի՝ բարձրացնելով ձեր երկրի եւ ֆուտբոլային երկրպագուների հեղինակությունը։ Բոլորիդ մաղթում եմ խաղաղություն, հաջողություն եւ առողջություն։ Շնորհակալ եմ»,- գրել է Կեյրուշը։

69-ամյա մասնագետը Իրանի հավաքականը գլխավորել էր նաեւ 2011-2019 թվականներին։

Նախորդ հոդվածըՌԴ-ն պահանջել է վերականգնել ТАСС-ի և РИА Новости-ի հավատարմագրումը
Հաջորդ հոդվածըՍի Ձինպին․ Քաղաքական մեթոդներով ուկրաինական ճգնաժամի լուծումը բխում է Եվրոպայի շահերից