‘Մասնավոր տաքսիների դեղին համարանիշները կփոխարինվեն սպիտակով (տեսանյութ)’

1496

Վարորդների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է տաքսիների համարանիշների գունափոխման խնդիրներին:

Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ տաքսիների համարանիշների սպիտակը գույնը փոխարինվել էր դեղինով: Այն ենթադրում էր լիցենզիայի և սպասարկող վարորդի բուժզննման առկայություն, իսկ ողևորներն առավել վստահություն էին տածում դեղին համարանիշներ ունեցող տաքսիների նկատմամբ:

Այժմ կառավարության որոշմամբ՝  դեղին համարները պետք է փոխարինվեն սպիտակով, իսկ լիցենզիայի առկայության մասին կհուշի միայն ավտոմեքենայի ետնամասում փակցված ստիքերը: Սակայն ստիքերի առկայությունը չի պարտադրում, որ վարորդներն անցնեն բուժզննում:

Տիգրան Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ նման որոշումը դժգոհություն է առաջացրել օրինական դաշտում աշխատող վարորդների շրջանում, քանի որ գունային տարբերության վերացումը թույլ է տալիս ցանկացած մարդու, ով ունի վարորդական իրավունք, տաքսի վարել:

Թեպետ, միևնույն ժամանակ նա խոստովանեց, որ ոչ մի ծառայություն կամ  հստակ մեխանիզմ չկա, որով հնարավոր է վերահսկել տաքսիների աշխատանքը.  ով ունի ցանկություն և համապատասխան միջոցներ՝ կարող է տաքսի վարել: 

Վարորդների միության նախագահը, պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե ինչպես է վերահսկվում  ուղեվարձը (երբ այն սահմանվում է վեց հարյուր դրամ՝ մինչև հինգ կիլոմետրը ներառյալ , և մեկ կիլոմետրի արժեքը՝ հարյուր դրամ, մինչդեռ իրականում  1 կմ-ի համար  գումարը շատ ավելի է կազմում), ասաց, որ չկա ոչ մի վերահսկողություն:

Ըստ Հովհաննիսյանի՝ միակ լուծումը 100-ից մինչև 300 դրամ նստելավարձ սահմանելն է:  Նա նաև նշեց, որ ուղևորափոխադրումների որակը կբարձրանա գծի տերերի կողմից օրավճարի վերացման շնորհիվ:

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենի զեկույց 2012. Գյուղացիների վրա դրվել է ավելորդ բեռ’
Հաջորդ հոդվածը‘«Մալագան» շարունակում է պատմություն կերտել’