‘Սիրիացի գրոհայինները գրավել են Իսրայելի սահմանամերձ անցակետը’

741

Սիրիացի գրոհայինները գրավել են Իսրայելի սահմանամերձ՝ Հոլանի բարձունքների ապառազմականացված գոտում տեղակայված հսկիչ-անցագրային կետը, այսօր հաղորդել է France-Presse գործակալությունը: Իրավապաշտպան Syrian Observatry for Human Rights կազմակերպության տվյալներով՝ Իսրայելի և Սիրիայի միակ սահմանային անցակետն առաջին անգամ է հայտնվում ապստամբների վերահսկողության տակ, սակայն հայտնի չէ՝ կարո՞ղ են նրանք այն պահել, թե՞ ոչ: Շրջանում կատաղի մարտերը շարունակվում են, տեղական մամուլի հրապարակումների համաձայն՝ մի արկ ընկել է և պայթել ՄԱԿ-ի բազայի տարածքում, մեկ խաղաղարար զոհվել է:

Մարտերի ընթացքում տուժածների ստույգ թիվը հայտնի չէ, սակայն հաղորդվում է, որ Սիրիայի կառավարական զորքերի վիրավորված զինծառայողներից մի քանիսը տեղափոխվել են իսրայելական Ցֆաթ քաղաքի հիվանդանոց:

Իսրայելը, որ չեզոքություն է պահպանում սիրիական հակամարտության հարցում, բազմիցս մտավախություն է հայտնել ապստամբների՝ Հոլանի բարձունքներում հաստատվելու առնչությամբ: Իսրայելի իշխանությունների կարծիքով՝ այդ դիրքից, հրեական պետությունում ահաբեկչություններ իրականացնելու նպատակով, կարող են օգտվել արմատական իսլամիստները, որոնք բավական շատ են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների շարքերում, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիում երկու երիտասարդներ ձերբակալվել են Պուտինին հայհոյելու համար’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իսպանիայի ԱԳՆ-ին՝ Կաբալիեի՝ ԼՂՀ այցելության կապակցությամբ’