‘Ստալինի արխիվը տեղադրվել է համացանցում’

981

«Ռուսարխիվը» համացանցում  տեղադրել է Իոսիֆ Ստալինի ֆոնդը: «Խորհրդային դարաշրջանի փաստաթղթեր» կայքում հրապարակվել են նրա նամակները, հոդվածները, ելույթների համար արված գրառումները և այլն: Արխիվի ընդհանուր ծավալը կազմում է 100 հազար էջ: Այն էջակալելու համար մասնագետներից պահանջվել է հինգ տարի: Ընդհանուր առմամբ՝ այժմ մատչելի է դարձել Ստալինի և ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի ֆոնդերի 400 հազար էջ փաստաթուղթ: Նախագծի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 11-ին, փոխանցում է РИА Новости-ն:

«Ստալինի ֆոնդ» բաժնում ներկայացված են փաստաթղթերի հետևյալ կատեգորիաները՝ «Հեղինակային փաստաթղթեր», «Գրքեր Սատլինի գրադարանից՝ իր մակագրությամբ», «Կենսագրական փաստաթղթեր», «Ստալինի հիվանդության և մահվան առիթով ստացված հեռագրեր և նամակներ» և այլն:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Իոսիֆ Ստալինի իշխանության տարիները ամենախնդրահարույցն են պատմության նոր դասագիրք կազմելիս: Հատուկ ձևավորված հանձնաժողովն առաջարկել է Ստալինի անձը դիտարկել «միակուսակցական դիկտատուրա և միանձնյա իշխանություն հաստատելու» կապակցությամբ, սակայն չհիշատակել քաղաքական հալածանքները, փոխանցում է lenta.ru-ն:

«Ռուսարխիվը» հետագայում մտադիր է կայքում հրապարակել նաև խորհրդային պետության քաղաքական մյուս գործիչների՝ Նիկիտա Խրուշչովի, Լեոնիդ Բրեժնևի, Վյաչեսլավ Մոլոտովի և այլոց ֆոնդերը:

Նախորդ հոդվածը‘Լ.Զուրաբյան. Տնտեսական աճ արձանագրած երկիրը ինչպե՞ս կարող է լքել 250 հազար մարդ ‘
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի ոստիկանությունը ցրել է բողոքի ցույցը պետդումայի առջև’