‘Հունգարիայի ՍԴ նախագահը ներողություն է խնդրում հայ ժողովրդից’

923

Հունգարիայի Սահմանադրական դատարանի նախագահ Պետր Պացոլաին իր եւ Հունգարիայի անունից ներողություն է խնդրել՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովի հետ կապված խնդրի համար:

Հայաստանում գտնվող հունգարացի պաշտոնյան ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր երկրում զրմացել են, որ Ադրբեջան արտահանձնված Սաֆարովը ազատ է արձակվել եւ հերոսացվել է:

«Նրան (Սաֆարովին) արտահանձնելիս Հունգարիայի իշխանությունները կարծում էին, թե Ադրբեջանում ևս նա կգտնվի ազատազրկման մեջ` իր պատիժը շարունակելով այդ երկրում: Ուստի Հունգարիայի իշխանությունների համար զարմանալի է, որ նա ոչ միայն չազատազրկվեց, այլև հերոսացվեց», — ասել է Պացոլաին: 

Նա նշել է, որ 2006-ին հունգարական դատարանն արդարացի վճիռ է կայացրել՝ իր գործընկերոջը կացնահարած Ռամիլ Սաֆարովին դատապարտելով ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարվա ընթացքում ներման իրավունքի:

Հունգարիայի ՍԴ նախագահը նշել  է նաեւ, որ ինքը, քանի որ Հունգարիայի գործադիր իշխանությունը չի ներկայացնում, չի կարող ասել, արդյոք Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանի եւ Հունգարիայաի միջեւ կոռուպցիոն գործարքի հետեւանք էր:

Հիշեցնենք, որ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին է արտահանձնվել 2012-ի օգոստոսի 31-ին: Նույն օրը Ադրբեջանում նրան ներում են շնորհել: Նա արժանացել է մի շարք պետական պարգեւների:

 

Նախորդ հոդվածը‘Ծխախոտի վրա կմակնշվի առավելագույն մանրածախ գինը’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը կերաշխավորի անբուժելի հիվանդների արժանապատիվ մահանալու իրավունքը’