‘Արցախն Ադրբեջանին համագործակցության կոչ է անում’

1024

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն Ադրբեջանին համագործակցության կոչ է անում, — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ ընդգծելով, որ խոսքը ինչպես Սարսանգի ջրամբարի, այնպես էլ Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի մասին է: 

Նրա խոսքով, խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը:

Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար:

«Զրբաժան ամենակարևոր կետը գտնվում է հենց Թարթառի շրջանում և երկխոսության դեպքում մենք այդ ջրբաժան կայանը կարող ենք ճիշտ օգտագործել և՛ ադրբեջանական կողմին մատակարարել ջուր, և՛ մեր գյուղատնտեսության համար հատկացված տարածքները դարձնել ջրովի», — ասել է ԼՂՀ փոխվարչապետը:

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանն այս գաղափարը դիտարկում է նաև երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համատեքստում:

«Վերջը` հարևան երկիր է, այսօր թշնամի է, վաղը դառնալու է ոչ բարեկամ, և պետք է մենք կարողանանք ժամանակի ընթացքում ժողովուրդներին պատրաստել խաղաղության», — ասում է Աղաբեկյանը:

Վերջին օրերին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանի Թարթառի շրջանի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով տեղական իշխանություններից ջուր տրամադրել գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար:

Նախորդ հոդվածը‘Արգենտինայի նախկին նախագահին նոր մեղադրանք է առաջադրվում’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման կոչ է անում’