‘Վարչապետ. Աղքատության 30 տոկոսը վտանգավոր ցուցանիշ է Հայաստանի համար ‘

962

«Հասկանալի է, որ տնտեսական աճը, տնտեսական ակտիվության ինդեքսը կարևոր ցուցանիշներ են, բայց շատ ավելի կարևոր է, որպեսզի մեր քաղաքացիներն զգան տնտեսական աճն իրենց կենսամակարդակի վրա: Այդ տեսակետից դեռևս մեծ անելիքներ ունենք, որովհետև մեր առջև ծառացած հիմնական մարտահրավերները նույնն են. մենք պետք է կարողանանք հաղթահարել աղքատությունը Հայաստանի Հանրապետությունում, որի տեսակարար կշիռը շուրջ 30 տոկոս է, և դա վտանգավոր ցուցանիշ է մեզ համար: Վճարային հաշվեկշիռը, առևտրային հաշվեկշիռը դեռևս բավական մեծ ճեղքվածք ունեն, չնայած որ վերջին երեք տարում արտահանման աճի տեմպերը գերազանցում են ներմուծման աճի տեմպերին»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացմանը:
Այս համատեքստում վարչապետը կարևորել է համաշխարհային տնտեսական իրավիճակը և միջազգային զարգացման միտումները. «Այս 20 տարվա ընթացքում Հայաստանը մշտապես իրականացրել է բաց տնտեսական քաղաքականություն, և դա նշանակում է, որ պետք է աչալուրջ լինենք միջազգային ազդեցությունների տեսակետից»:
Ամփոփելով ելույթը` գործադիրի ղեկավարը կարևորել է նման ձևաչափով քննարկումները` ընդգծելով, որ այդ շրջանակում կատարվող ուսումնասիրությունները և դրանց հիման վրա ներկայացվող առաջարկություններն օգտակար կլինեն կառավարության գործունեության համար:
Եռօրյա գիտաժողովի շրջանակում, որին մասնակցում են հայաստանցի և սփյուռքահայ տնտեսագետներ, քննարկվելու են տնտեսական զարգացմանը, մրցունակությանը և ֆինանսատնտեսական հատվածին վերաբերող հարցեր:

Նախորդ հոդվածը‘Եզդիների հոգեւոր առաջնորդը զարմացած է, որ Հայաստանի ԱԺ-ում եզդիներ չկան ‘
Հաջորդ հոդվածը‘Երևանը և Մոսկվան կքննարկեն ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության ձևաչափը ‘