‘ԱԳՆ խոսնակ. ԱԳ նախարարը չէր կարող նման բան ասել’

1190

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լեհաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում Լեհաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը  ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում, մեջբերվել էին Էդվարդ Նալբանյանի հետևյալ խոսքերը. «Դրանք չեն կարող ուղղված լինել Ռուսաստանի շահերի դեմ»: 

Ճշտելու համար թե արդյո՞ք արտգործնախարարը արել է նման հայտարարություն, և թե անկախ ու ինքնիշխան պետության համար որքանո՞վ է տրամաբանական, սեփական շահերը վկայակոչելու փոխարեն, վկայակոչել մեկ ուրիշ պետության շահերը, ilur.am կապվեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի հետ: Վերջինիս պնդմամբ՝ «Նախարարն ասել է այն, ինչ բառացի մեջբերված է մեր հաղորդագրության մեջ, նույն փոփոխությունները կկատարվեն Լեհաստանի արտգործնախարարության կայքում: Արտգործնախարարը չէր կարող նման բան ասել»:

Մինչ նյութը պատրաստվում էր հրապարակման, Լեհաստանի ԱԳՆ կայքում եղան նշված փոփոխությունները: Հաղորդագրության նախնական տարբերակում նշված էր. «Լեհաստան կատարած այցի ընթացքում Էդուարդ Նալբանդյանը նշեց, որ իր երկիրը ցանկանում է հնարավորինս խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, սակայն «դրանք չեն կարող ուղղված լինել Ռուսաստանի շահերի դեմ»:  Փոփոխության ենթարկվելուց հետո այժմ այդ նախադասությունը ունի հետևյալ տեսքը. «Պարոն Էդուրադ Նալբանդյանը նշեց, որ իր երկիրը ցանկանցում է հնարավորինս խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, բայց «դա չի կարող լինել Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների հաշվին»:

Նախորդ հոդվածը‘Ջրհեղեղ Կոլորադոյում. Կան զոհեր և տուժածներ’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկում է Կոնգրեսի երիտասարդների գործով դատավարությունը’