‘Ում «վզին են դրել» «Էրեբունի-Երեւան»-ի ծախսերը’

1597

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր եւ վաղը անցկացվում է «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը, որի համար ծախսվելու է 200 մլն դրամ: Դրանից 90 մլն դրամը հատկացվել է Երեւանի քաղաքային բյուջեից, մնացած գումարները հավաքել են հովանավորների շնորհիվ:

Մենք դեռ 5 օր առաջ հարցում էինք ուղարկել քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել հովանավորների ցանկը, նրանց կողմից տրամադրված գումարների չափը, եւ նաեւ նշել, թե առանձին միջոցառումների վրա որքան գումար են ծախսվել, եւ ինչպես են ընտրել այդ տոնակատարության շրջանակներում ծառայություններ մատուցողներին: Այսօր՝ 5-օրյա ժամկետը լրանալուց հետո, քաղաքապետարանի լրատվականից ստացանք միայն տեղեկություններ այն մասին, թե ովքեր են հովանավորները: Իսկ թե նրանցից ով որքան գումար է տրամադրել, քաղաքապետարանից չասացին՝ նշելով, որ իրենք տրամադրված գումարների չափերը չեն կարող հրապարակել, եթե հենց իրենք ՝ այդ ընկերությունները դա չանեն: Մեր հարցադրման մյուս մասի պատասխանները մեզ խոստացան տրամադրել երկուշաբթի:

Այդուհանդերձ, քաղաքապետարանի մեր աղբյուրները մեզ տեղեկացրեցին, թե ինչպես են հայտնվել այդ հովանավորները: Մեծամասամբ ընտրվել են այն ընկերությունները, որոնք իրենց աշխատանքի բնույթով այս կամ այն չափով առնչվում են քաղաքապետարանի հետ: Այդ ընկերությունների մեծ մասին ուղղակի հրահանգվել է գումարներ տրամադրել, ավելի հասկանալի ասած՝ «ուղղակի վզներին են դրել այդ ընկերությունների»՝ հասկացնելով, որ հակառակ պարագայում հնարավոր են խնդիրներ: Փոխարենը չի առաջարկվել ոչինչ: Նրանց անունները ուղղակի գրված են տոնակատարության առիթով տպագրված բուկլետների մի անկյունում: Առաջիկայում կփորձենք պարզել, թե որ ընկերությունները որքան գումարներ են տվել, իսկ այժմ ներկայացնենք նրանց ցանկը.

Վիվասել ընկերություն

Տաշիր Գրուպ

Արարատ կոնյակի գործարան

Երեւան սիթի

Իդեալ համակարգ

Կովկաս համալիր

ՀայՌուսԳազԱրդ

Առեքսիմբանկ

ADB

Կոկա-կոլա

HSBC

Արարատ գինու կոմբինատ

Ամերիա բանկ

Բիլայն

Օրանժ

Զիգզագ

Ռիչ կոմյուտերս

Նուշիկյան ասոցիացիա

AG

Զեբրա

KFC

BS

Ռոստելեկոմ

 

Նախորդ հոդվածը‘Արթուր Գեւորգյանը ներողություն է հայցում իր արտահայտություններից վիրավորվածներից’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ-ն արձագանքել է թուրքական կողմին ‘