‘Կարլ Բիլդտ. Հայաստանին կանդրադառնանք Վիլնյուսից հետո միայն’

804

Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցը Եվրամիությունը կքննարկի արդեն Վիլնյուսի համաժողովից հետո: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայությանը տված հարցազրույցում երեկ Քիշնևում ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը: 

«Որոշումը, որ կայացվեց Հայաստանի կողմից, բխում էր այդ երկրին բնորոշ շատ առանձնահատուկ աշխարհաքաղաքական իրողություններից: Դրա հետ մեկտեղ, պետք է ընդգծել, որ նրանք չեն լքել Արևելյան գործընկերության ծրագիրը: Այն պահից, երբ կայացվեց (Մաքսային միությանն անդամակցելու) որոշումը, Հայաստանից այցելությունների իսկական տեղատարափ սկսվեց, և մեզ շարունակ ասում էին՝ «իրականում մենք չէինք ցանկանում լքել (գործընթացը), մենք ցանկանում էինք հնարավորինս առաջ շարժվել, սակայն եղել են որոշակի ճնշումներ», — պնդում է Բիլդտը:

(Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ու տարբեր աստիճանի հայաստանցի պաշտոնյաներ բազմիցս պնդել են, թե իրենց վրա որեւէ ճնշում չի եղել-խմբ.)

Շվեդական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ով նաև Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադիրներից մեկն է, խոստանում է Երևանի հետ հարաբերությունների հարցին վերադառնալ Լիտվայի մայրաքաղաքում նոյեմբերին կայանալիք համաժողովից հետո միայն:

«Վիլնյուսից հետո արդեն մենք կդիտարկենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Այդ համագործակցությունը, իհարկե, չի լինի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շրջանակներում: Համագործակցության այլ ձևերն իհարկե կզարգացնենք», — նշում է Բիլդտը:

Շվեդիայի արտգործնախարարը Մոլդովա էր ժամանել լեհ պաշտոնակցի` Ռադոսլավ Սիկորսկու հետ:

Լեհական դիվանագիտության ղեկավարն էլ հատուկ ընդգծում է, որ ի տարբերություն ռուսական կողմի` Բրյուսելը գործընկերներից որևէ մեկին ճնշելու մտադրություն չունի:

«Եվրոպան որևէ մեկի վրա ճնշում չի բանեցնում: Մենք պարզապես սահմանում ենք որոշակի պայմաններ, որոնք անհրաժեշտ են ասոցացման համար: Հետևություններն արդեն ձերն են՝ ինչ հարաբերություններ եք ուզում ունենալ` հավատարիմ մնալ նախանշվա՞ծ ուղուն, թե՞ որպեսզի ձեզ ստիպեն այս կամ այն որոշումը կայացնել», — նկատում է Սիկորսկին:

 Azatutyun.am

Նախորդ հոդվածը‘Արա Սահակյանը հանձնեց հավատարմագրերը’
Հաջորդ հոդվածը‘Յուրիկ Վարդանյանին հուշել են, որ հրաժարական պետք է տա’