‘Ֆրանսիայից արտաքսված Խաչիկ Խաչատրյան. Ես արդեն Ֆրանսիան համարում եմ իմ տունը’

1809

Ֆրանսիայում արդեն մի քանի օր է՝ ցույց են անում դպրոցների և լիցեյների աշակերտները, որոնք պահանջում են վերադարձնել երկրից արտաքսված արտասահմանցի  ուսանողներին՝ գնչուհի Լեոնարդա Դիբրանիին և հայ Խաչիկ Խաչատրյանին: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝  իրենց ընկերներին արտաքսելու դեմ ցույցի են դուրս եկել ֆրանսիական դպրոցների ավելի քան 10 հազար աշակերտներ, իսկ 20 դպրոցներ դադարեցրել են աշխատանքը: Ցուցարարների մեծ մասը եկվորներ են, որոնք նույնպես մտահոգված են իրենց ճակատագրով: Իշխանություններն առայժմ մտադիր չեն նահանջել:

«Газете.Ru» -ին հաջողվել է  զրուցել հայ ուսանող Խաչիկ Խաչատրյանի հետ, որն արդեն Հայաստանում է և բուժզննում է անցնում՝ զինվորական ծառայության մեկնելու համար:

-Ինչո՞ւ քեզ արտաքսեցին, ինչպե՞ս դա տեղի ունեցավ:

-Արդեն երեք տարի է՝ ընտանիքով ապրում ենք Ֆրանսիայում: Այնտեղ ես լիցեյ եմ հաճախում: Երեք շաբաթ առաջ մենք ընկերներով զբոսնում էինք, և մեզ մոտեցավ Փարիզի ժանդարմերիան: Փաստաթղթեր պահանջեցին: Ես չունեի: Հետո, ըստ անվան՝ ստուգեցին իրենց աղբյուրներով: Պարզվեց, որ Հայաստանում ոստիկանությունը փնտրում է ինձ՝ մեղադրելով զինվորական ծառայությունից խուսափելու մեջ: Բռնեցին, նստեցրին մեքենան ու տարան օդանավակայան: Նույնիսկ ձեռքերս ու ոտքերս կապկպեցին, որ չփախչեմ: Երևանի օդանավակայանից ինձ տարան Վեդի քաղաքի զինկոմիսարիատ: Մի քանի օր անց, այնուամենայնիվ, բաց թողեցին տատիկիս ու պապիկիս մոտ՝ մինչև զինակոչը:

-Ասում են՝ Ֆրանսիայում քեզ բռնել են գողություն անելիս, դա ճի՞շտ է:

-Ոչ, նման բան չկա: Իմ ծննդյան օրն էր՝ սեպտեմբերի 20-ը: Ես 1994 թ.  եմ ծնվել: Ընկերներով խանութ էինք մտել: Դուրս գալիս մեզ մոտեցան ոստիկանները, փաստաթղթեր ուզեցին: Այսպես է եղել: Մամուլում սխալ տեղեկատվություն է եղել:

-Իսկ ծնողնե՞րդ: Նրանց է՞լ են արտաքսել քեզ հետ միասին:

-Ոչ, այդպես չէ: Նրանք մնացել են Ֆրանսիայում: Բանն այն է, որ մայրս հիվանդ է, ողնաշարի հետ կապված՝ լուրջ խնդիրներ ունի: Նա շատ թանկ արժեցող վիրահատության կարիք ունի: Հայաստանում համապատասխան մասնագետներ չկան, բայց եթե լինեին էլ, չէինք կարող վճարել: Իսկ այսպես՝ մեզ մոտ ամեն ինչ այնպես է, ինչպես սովորաբար Եվրոպայի երկրներում ապաստանած փախստականներինն է: Մենք ապրում էինք Արարատի մարզի Այգավան գյուղում: Ծնողներս գյուղատնտեսությամբ էին զբաղվում: Եւ երեք-չորս տարի առաջ սոցիալական ծանր կացության պատճառով, ինչպես շատերը՝ Հայաստանում, որոշեցինք տեղափոխվել եվրոպական որևէ երկիր: Լավ կյանքի մասին էինք երազում: Ըստ փաստաթղթերի՝ մենք, իհարկե, անօրինական էինք ապրում Ֆրանսիայում: Արդեն ուզում էինք փաստաթղթերը հանձնել՝ քաղաքացիություն ստանալու համար:

-Երևում է՝ Ֆրանսիայում շատ ընկերներ ես ձեռք բերել, եթե քեզ համար այդքան մարդ է դուրս եկել Փարիզի փողոցները…

-Ընկերները շատ են, բայց պարզ է, որ իմ դեպքը և Կոսովոյի այն գնչուհու դեպքը ընդամենը առիթ են՝ նախագահ Ֆրանսուա Օլանդի նոր միգրացիոն քաղաքականության դեմ դժգոհություն արտահայտելու համար: Իմ հեռախոսը մեկ րոպե անգամ չի լռում: Անընդհատ զանգահարում են համադասարանցիներս, ընկերներս, ցույցերի մասին են պատմում: Նրանք պատրաստ են բողոքի ցույցեր անել այնքան ժամանակ, քանի դեռ Ֆրանսիայի կառավարությունը չի վերանայել իր որոշումը, և մենք չենք վերադարձել՝ ուսումը շարունակելու համար: Ինձ տեղեկացրել են, որ նույնիսկ Փարիզի քաղաքապետ Քրիստոֆ Ժիրարն է պատրաստակամություն հայտնել ընդունելու ինձ:

-Իսկ քո պա՞րտքը հայրենիքի հանդեպ: Դու և քո ընտանիքը, կարծես թե, չեք հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից:

-Ես պատրաստ եմ բանակ գնալ: Ես չեմ խուսափում: Այ, մինչ մենք հեռախոսով խոսում ենք, ես զինվորական հոսպիտալում եմ, Երևանում, բուժզննում եմ անցնում: Նոյեմբերին արդեն ինձ կզորակոչեն:

-Ոնց որ թե ոգևորություն չկար ասածիդ մեջ…

-Դե, իսկ ՞նչ էիք ուզում: Ծնողներս մնացել են այնտեղ: Ես Ֆրանսիան արդեն համարում եմ իմ երկրորդ տունը: Ընկերներ ունեմ, այնտեղ են հայրս, մայրս, քույրս, փեսաս: Ես սիրում եմ Ֆրանսիան, անկեղծորեն: Ինձ այնտեղ շատ է դուր գալիս, իմ ապագան այնտեղ եմ տեսնում: Ճիշտ է, այստեղ՝ Հայաստանում, տատիկիս ու պապիկիս հետ եմ: Բայց ախր այն ժամանակ ե՛ս չեմ որոշել տեղափոխվել: Իսկ հիմա արդեն ընտելացել եմ  և ուզում եմ վերադառնալ Ֆրանսիա, շարունակել ուսումս: Ամեն րոպե լավ լուրի եմ սպասում ընկերներիցս: Մտածում եմ՝ մեկ էլ հանկարծ թույլ տան վերադառնալ… Ներեցեք, էլ չեմ կարող խոսել: Այստեղ հիվանդանոցում պետք է կաբինետներով անցնեմ:

Նախորդ հոդվածը‘Իրանում մահապատժի չեն ենթարկի կախաղան հանվելուց հետո ողջ մնացած մարդուն’
Հաջորդ հոդվածը‘«Կոռուպցիան Հայաստանում». Բնույթը և հետևանքները’