‘Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվում է կարճաժամկետ տոկոսադրույքների նվազումը’

1081

Հայաստանի ֆինանսական շուկայում 2014-ի առաջին եռամսյակում շարունակվել է 2013-ի 4-րդ եռամսյակում գրանցված կարճաժամկետ տոկոսադրույքների նվազումը: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2014 թվականի 2-րդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում, դա պայմանավորված է ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի  աստիճանաբար նվազեցումով, ինչպես նաև ՀՀ դրամով պարտադիր պահուստավորման նորմատիվի իջեցումով (4%-ից մինչև 2%):

Ըստ աղբյուրի, NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում տոկոսադրույքների միջին եռամսյակային մակարդակը միջբանկային վարկերի գծով (overnight) 2014-ի առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 0.47 տոկոսային կետով, իսկ միայն հունվար- մարտին` 0.3 տոկոսային կետով, եռամսյակոմ միջին հաշվով կազմելով 7.44%:

Մինչդեռ, միջբանկային շուկայում ռեպո-գործարքներով միջին եռամսյակային եկամտաբերությունը 2014-ի առաջին եռամսյակում 2013-ի 4-րդ եռամսյակի համեմատ նվազել է 0.6 տոկոսային կետով, իսկ միայն հունվար-մարտին` 0.34 տոկոսային կետով, եռամսյակոմ միջին հաշվով կազմելով 7,86%:

 Կարճաժամկետ պետպարտատոմսերի եկամտաբերության կրճատման վրա, ԿԲ-ից բացի, ազդել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման քաղաքականությունը: Այսպես, 1 տարով պետական պարտատոմսերի միջին եռամսյակային եկամտաբերությունն առաջին եռամսյակում նվազել է 0.68 տոկոսային կետով մինչեւ 7.98%:

Երկրորդային շուկայում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումը հիմնականում ազդեց կարճաժամկետ պետական պարտատոմսերի վրա, իսկ միջնաժամկետ և  երկարաժամկետ պարտատոմսերով դիտվեց եկամտաբերության որոշակի աճ: Այսպես, երկարաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունն աճեց 0.65 տոկոսային կետով, մինչև 11.6%: Միջնաժամկետ և երկարաժամկետ պետպարտատոմսերի միջև ճեղքվածքը կազմեց 3.48 տոկոսային կետ, եռամսյակում աճելով 0.5 տոկոսային կետով:

Ըստ ԿԲ տվյալների, ռեպո գործարքների ընդհանուր ծավալը 2014-ի ապրիլի 1-ին կազմել է 259.6 մլրդ դրամ, իսկ միջին եկամտաբերությունը` 8.3%, այդ թվում, միջբանկային ռեպո գործարքների ծավալը կազմել է 44.4 մլրդ դրամ, իսկ միջին եկամտաբերությունը`7.9%:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Աբխազիայի նախկին փոխվարչապետն առաջադրվել է նախագահի թեկնածու’