‘Սերժ Սարգսյանի ընկերոջ ընկերության պատճառով ՀԷՑ-ը տուգանվել է 15 միլիոն դրամով ‘

1544

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն երեկ կայացած նիստում 15 միլիոն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցերին» (ՀԷՑ): Մասնավորապես, հանձնաժողովը ՀԷՑ գործունեությունում հանձնաժողովի կողմից սահմանված մի շարք իրավական ակտերի պահանջների խախտումներ է հայտնաբերել:

Խոսքը վերաբերում է Երևանի Ադոնցի 8 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատող «Միկմետալ» ՓԲԸ-ին, որի հետ «ՀԷՑ» ՓԲԸ-ն համաձայնության չի հանգել: ՀՀ ՀԾԿՀ որոշման համաձայն, դրամական տուգանք /15 միլիոն դրամ/ կիրառելու առիթ է հանդիսացել կառուցապատվող բազմաբնակարանային շենքի սպառման համակարգը ցանցին միացնելու պայմանագրով նախատեսված աշխատանքները «ՀԷՑ» կողմից ժամանակին չկատարելը: 

Ընկերությունն իր հերթին առարկել է իր գործունեության նման որակմանը և, համապատասխանաբար, իր նկատմամբ նշված տուգանքի կիրառմանը:  «ՀԷՑ» ՓԲԸ կարծիքով, «Միկմետալ» ՓԲԸ և «ՀԷՑ» ՓԲԸ միջև առկա է գույքային հարաբերությունների հնարավոր պայմանների վերաբերյալ քննարկում, որոնք անմիջականորեն ՀԾԿՀ իրավական ակտերի կարգավորման առարկա չեն:

ՀԾԿՀ որոշման մեջ նաև նշվում է ընդունված որոշումն ինչպես վարչական կարգով /ՀԾԿՀ-ում/, այնպես էլ դատական կարգով /ՀՀ Վարչական դատարանում/ բողոքարկելու «ՀԷՑ» ՓԲԸ իրավունքի մասին: Ընկերության կողմից հիշյալ իրավունքի իրացման վերաբերյալ որոշում կընդունվի մոտ ժամանակներս:

Նշենք, որ նույն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում այն պատճառաբանությամբ, որ «ՀԷՑ»-ը հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում, իսկ այժմ կասկածելի տուգանք է կիրառում այդ նույն ծանր ֆինանսական դրության մեջ հայտնված ընկերության նկատմամբ: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ «Միկմետալ» ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերներից Միխաիլ Հարությունյանին: Վերջինիս ընտանիքին են պատկանում նաև «կարմիր գծերի» բիզնեսը:

Նախորդ հոդվածը‘Հալեպում հայ զոհերի թիվը հասել է չորսի’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է’