‘Խորխե Օռիկոն հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին’

805

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոն եւ նրա գլխավորած պատվիրակությունը այցելեցին Ծիծեռնակաբերդի բարձունք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուրուգվայի բարձրաստիճան հյուրերը` ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ, անմեղ զոհերի հուշակոթողի մոտ ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ՝ Անմար կրակին:

ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, տնօրեն Հայկ Դեմոյանի ներկայացմամբ, հյուրերը ծանոթացան 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը փաստող ցուցանմուշներին, Խորխե Օռիկոն տպավորությունների մատյանում հետեւյալ գրառումն արեց. «Ուրուգվայի անունից կրկին ընդունում ենք այն պայքարը, որ տանում եք: Հնարավոր չէ առաջ գնալ դեպի ապագա` առանց ներկան ճանաչելու հաստատակամության»: Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը խորհրդանշական ծառ տնկեց Հիշողության ծառուղում:

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 12-ի երեկոյան` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով: 

Ուրուգվայն աշխարհում առաջին պետությունն է, որը ճանաչել Հայոց Ցեղասպանությունը` 1965 թվականին Պառլամենտի բանաձևով, իսկ 2004-ին` օրենքով:

Հայաստանի Հանրապետության եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. մայիսի 27-ին:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյան. «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին’
Հաջորդ հոդվածը‘Մոնղոլիայում նշվել է Չինգիզ խանի 850-ամյակը’