‘Խմբագրական. Սերժից թասիբ չեն ուզի ‘

3720

Սերժ Սարգսյանն էս երկրի գլխին շատ փորձանքներ ու պատուհասներ բերեց, բայց դրանք բոլորը ոչինչ են՝ այս պահին արդիական թիվ մեկ պատուհասի համեմատ:

Քանի դեռ Սերժ Սարգսյանի ռեժիմը իշխանությունից չի հեռացել, կամ, ավելի ճիշտ, քանի դեռ մենք նրան չենք հեռացրել, այնպես է ստացվելու, որ էլի նա է ներկայացնելու Հայաստանը: Եւ ստորաքարշությունը, ստորացվածությունը, անինքնասիրությունը լինելու են ոչ միայն նրա՛ անձնական վարքը, այլեւ` ամբողջ Հայաստանի: Ու ըստ այդմ էլ՝ բոլորը, անխտի՛ր բոլորը դրսում ստորացնելու են ոչ միայն (երբեմն նույնիսկ՝ ոչ այնքան) Սերժ Սարգսյանին,  այլեւ` ողջ Հայաստանը, ու այդ ամբողջ ընթացքում ստիպված ենք լինելու ամոթի այդ խարանը ճակատներիս դաջված քայլել: Ուզենք թե չուզենք, դուր գա դա մեզ թե ոչ, բայց պիտի հասկանանք, որ եթե հանդուրժում ենք Սարգսյանի ռեժիմը, ուրեմն պիտի հանդուրժենք նաեւ այդ համընդհանուր ստորացվածությունը: Ծանր է, ինչ արած, բայց այդպես է, ճշմարտությունից չենք փախչի: Իսկ ճշմարտությունը ափի պես պարզ է. հանդուրժում եք Սերժ Սարգսյանին, ուրեմն՝ պատրաստ եղեք նաեւ «վայելել» նրա իշխանության դառը պտուղները: Բոլորդ: Չի լինելու այնպես, որ ինչ-որ մեկը կրի այդ բեռը, ինչ-որ մեկը` ոչ: Ամոթի բեռը համընդհանուր ու համահավասար դրվել, դրվում է ու դրվելու է բոլորի ուսերին:

Ու հիմա էլ չպետք է ոչ զարմանալ, ոչ էլ զայրանալ, թե այդ ինչու են Գյումրիի սպանդից հետո Հայաստանի իշխանությունները եւ, մասնավորապես, Սերժ Սարգսյանը այսպես գլխահակ, այսպես անարժանապատիվ, այսպես անթասիբ պահում իրենց: Բա ի՞նչ պիտի անեն: Այդպես էլ պիտի լիներ, ի՞նչ է, որեւէ մեկը այլ բա՞ն էր ակնկալում. Սերժ Սարգսյանը Հայաստանի թասիբն արդեն վաճառել է`մարդա 5000 դրամով:  2008-ի եւ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ, 2012-ի ԱԺ ընտրությունների, ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Անվճար տարել գցել է ջուրն ամեն անգամ, երբ հանդուրժվել ու չի հեռացվել: Հայաստանն իր օրոք թասիբ չի ունենալու, որովհետեւ նա այդ թասիբն ի սկզբանե ծվեն-ծվեն է արել: Նրան այդ թասիբը պետք էլ չի, բայց ախր դա մե՛ր թասիբն է, դա մեր երկրի թասիբն է, հասկանո՞ւմ եք, չէ՞: Էդ նրա երեսին չեն թքում, էդ նրան չեն ծաղրի առարկա դարձնում, էդ մեզ բոլորիս են ծաղրում ամենուր` արեւմուտքից, արեւելքից, հարավից ու հյուսիսից:

Զայրանալու հարկ չկա: Ամենեւին: Պետք է ընդամենը ընդունել իրողությունն այնպես, ինչպես որ այն կա, չասել, թե՝ սա իմ խնդիրը չի, կամ էլ թե՝ ինչո՞ւ այդպես եղավ, չզարմանալ, ասես անսպասելի մի բան է տեղի ունեցել: Պետք է ընդամենը հասկանալ, որ սա է հանդուրժելու գինն ու պտուղը, եւ ընդամենը մեկ հարցի պատասխանել` գո՞հ ենք, գո՞հ ենք սեփական հանդուրժողականությունից, գո՞հ ենք, որ մինչ այժմ Սերժ Սարգսյանի ռեժիմը չի հեռացվել իշխանությունից, ու ստիպված ենք քաղել դրա պտուղները, թասի՞բ եք ուզում կամ պահանջում, ուրեմն՝ խնդրի հետեւանքի դեմ անիմաստ կռիվ տալու փոխարեն (ի վերջո՝ ե՞րբ պիտի հասկանանք, որ դոնկիխոտությունը քաղաքականության մեջ ամենաանշնորհակալ գործն է)՝ պետք է պատճառի հարցերը լուծել: Սերժ Սարգսյանն, անշուշտ, խոսելու հետ խնդիր ունի, բայց մի ցիտման արժանի բան ասել է, որը երբեք ու երբեք չպետք է մոռանալ. գլխից է պետք բռնել, գլխից:

Նախորդ հոդվածը‘2014 թ. Հայաստանի ճանապարհներին զոհվել է 450 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի քաղաքացիներն ԵԱՏՄ տարածքում կարող են տեղաշարժվել առանց մաքսատան ընթացակարգերի’