‘Հայկ Կյուրեղյանը շարունակում է հացադուլը’

1225

«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված

Հայկ Կյուրեղյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հունվարի 14-ին սկսած հացադուլը շարունակում է։ Այս մասին հայտնել են ՔԿՎ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակը նորմալ է, բժիշկների հսկողության տակ է, հաղորդում է news.am-ը:

ՔԿՎ-ից նաև տեղեկացրել են, որ Հայաստանի ՔԿՀ-ներում, բացի Հակ Կյուրեղյանից, այս պահին կա 4 հացադուլավոր դատապարտյալ, որոնք բողոքում են իրենց քրեական գործերի ընթացքից:

Երեկ՝ հունվարի 18-ին փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնել էր, որ «Նոր Հայաստան» շարժման կալանավորված անդամ Գևորգ Սաֆարյանը սպառնալիքների պատճառով է ստիպված եղել դադարեցնել հացադուլը:

Հայրապետյանը պատմել է, որ երկրորդ օրը հացադուլի մեջ գտնվող Սաֆարյանի պատժախուց են տեղափոխել սպանություն և ավազակային հարձակում կատարած երեք դատապարտյալների, ովքեր էլ հենց սպառնացել են ընդդիմադիր ակտիվիստին: «Այդ քրեական հանցագործները բաց տեքստով հայտարարել են՝ մեզ համար ակտիվիստները, կամ այն անձինք, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար, հավասարազոր են ոստիկաններին, և այդպիսի անձինք չպետք է նույն խցում իրենց հետ մնան: Հաջորդ առավոտ Գևորգը հայտարարել է, որ հացադուլից դուրս է գալիս, որպեսզի տեղափոխվի այլ խուց»,- Սաֆարյանի փաստաբանին է մեջբերում «Ազատությունը»:

Գևորգ Սաֆարյանը նախկինում ևս հայտարարել էր իր նկատմամբ ճնշումների մասին: Կալանավորման պահին նա հացադուլով պահանջում էր իրեն տեղափոխել առանձին խուց:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ կինոակադեմիայի ղեկավարը պաշտպանում է բողոքն ընդդեմ «սպիտակ Օսկարի»’
Հաջորդ հոդվածը‘Բավրայի անցակետը փակ է վրացական կողմից’