‘Վրեժ Նահապետյանի «Սպիտակը սպիտակի վրա» բանաստեղծությունների գրքի շնորհանդեսը’

2369

Այսօր Սարգիս Մուրադյան պատկերասրահում տեղի ունեցավ Վրեժ Նահապետյանի «Սպիտակը սպիտակի վրա» բանաստեղծությունների գրքի շնորհանդեսը:

Սա Վրեժ Նահապետյանի գործերի առաջին հրատարակած գիրքն է: Շնորհանդեսին մասնակցում էին Վրեժ Նահապետյանի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները:

iLur.am-ի հետ զրույցում Վրեժ Նահապետյանն ասաց, որ գրել սկսել է դեռևս դպրոցական տարիներից, տպագրվել է տարբեր հանդեսներում, բայց հրատարակած գիրք չի ունեցել: Նա նշեց, որ ինքը  բանաստեղծությունը չի գրել, անպայման գիրք ունենալու կամ փառք ունենալու համար:

«Պոլիտեխնիկն եմ ավարտել, հետո Կիևի տնտեսագիտական ինստիտուտը: Բանաստեղծության հետ քիչ է առնչվում  իմ կրթությունը, բայց բանաստեղծություն սիրել եմ մանկուց, որովհետև հայրս շատ պոետիկ էր, իմ տատը շատ ասույթների էր տիրապետում և ես  շատ բան եմ սովորել նրանից: Գրքում մի անուն կա գրված՝ Արուս անունը, դա իմ տատն է: Պոեմներ ունեմ գրած, որոնք դարձյալ չեն տպագրվել, բայց ոգևորվել եմ, այս տարվա իմ պլաններում կա պոեմներս հրատարակել: Պոեմներիցս մեկը կոչվում է «Ալվարդանի» հայրենասիրական սիրային պոեմ է՝ սերը  համեմված հայրենասիրության հետ: Անի ճանապարհորդություն եմ ունեցել ու այդ տպավորությունների տակ ստեղծել եմ այդ պոեմը»,- ասաց Վրեժ Նահապետյանը:

Նա պատմեց, որ այս գիրքը հրատարակելու մտահղացումը տվել են իր երեխաներն ու իր բարեկամներից մեկը:

Վրեժ Նահապետյանի խոսքերով, երբ երեխաները մեծացան իր բաանստեղծությունները տանում ու տարբեր հանդեսներում տպագրում էին,  ու տեսնելով դա՝ իր մոտ ոգևորություն առաջացավ, ու իր մի շատ լավ բարեկամի՝ Աշոտ Հովհաննիսյանի դրդմամբ որոշեցին գիրքն ստեղծել: 

«Բանաստեղծություներ են, որոնք անկեղծ են գրած: Հետո երբ գիրքը ստեղծվեց, զարմանալի է՝ ես տեսա, որ դա այս ժամանակահատվածի պատմությունն է: Ես անկեղծ գրել էի իմ մասին՝ ես ասելով, բայց հետո տեսա, որ այդ եսը միայն ես չեմ, մեր ժողովուրդն է մեր երկիրն է մեր պատմությունն է»,- ասաց Վրեժ Նահապետյան:

Նշենք նաև, որ բանաստեղծը նաև մեղվապահ է ու ասում է, որ տարվա 30 տոկոսն ինքն անցկացնում է վայրի բնության մեջ: Նա պատմեց, որ այդ ընթացքում ինք ապրում քնում է վայրի բնության մեջ ու հենց գրքի մեջ էլ  մարդկանց մղում է դեպի բնություն, քանի որ մարդը շատ է հեռացել բնությունից և նրա ու բնության կապը խզվել է:

«Մեղվի մասին ասեմ՝ մեղուն մի քանի միլիոն տարի է  նույն ձևի է ու պատճառն այն է, որ մեղուն այն էակն է, որ բուսական աշխարհը կապում է  կենդանական աշխարհի հետ, եթե նա չլինի խզվածք կառաջանա: Էյնշտեյնն ասել է, որ եթե մեղուները վերանան, մի քանի տարի հետո երկրագունդը կվերանան: Մարդը պետք է անպայման մնա բնության մեջ և անպայման պետք է այդ կապը պահպանել»,- նշեց Վրեժ Նահապետյանը:

Վերջինս պատմեց, որ  ինքը Երևանում վարձակալած տարածք ունի, որտեղ պահում է իր մեղուներին, իսկ գարնան գալուն պես մեղուներին տանում է  Շիրակի մարզ, Կարմրաքար գյուղ, իսկ հետո  Աշոցք է բարձրանում:

«Այնտեղ մի հրաշալի հսկա լեռ կա՝ Հովտարան անունով, ես   երազում էի, որ դրա անունը Ջիվանի դնենք, ես այդ նախաձեռնությամբ հանդես եմ գալու: Այդ լեռան գագաթից հա՛մ Արարատն է երևում, հա՛մ՝ Արցախը: Ես ինձ համարում եմ Ջիվանու հետնորդը, ու  որ Ջիվանին ասել է, որ «խեղճ բլուրս բարձր սարիդ վնաս չի», իրականում ինքը խեղճ բլուր չի, Ջիվանին շատ մեծ է և այդ լեռը եթե մենք անվանենք Ջիվանուն անվամբ այդ բացը կլրացնենք, Ջիվանուն էլ կբերենք մեր մեծերի իսկական բարձունքին կհասցնենք»,- ասաց բանաստեղծը:

Այնուհետև իր խոսքն ավարտելիս նա հիշեցրեց Մել Գիպսոնի ֆիլմերից մեկը, որի ավարտին նա ասում է, որ   «նրանք մարտնչում էին որպես մարտիկ ու որպես պոետներ», և ինքն ուզում եմ, որ մեր ժողովուդը պոետ լինելուց բացի նաև մարտիկ լինի, որովհետև մարտիկ պոետը ավելի հզոր է լինում:

Գրքի շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցավ նաև պատկերասրահի տնօրեն, նկարչուհի Զարուհի Մուրադյանը, ով ասաց, որ  Սարգիս Մուրադյան պատկերասրահը շարունակում է իր ստեղծագործական կյանքը և այս տարի միջոցառումների բացումը սկսում է իր հին ու լավ բարեկամ Վրեժ Նահապետյանի գրքի շնորհանդեսով:    

Գրքի շնորհանդեսին մասնակցում էր նաև երգիչ երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով Վրեժ Նահապետյանի ընկերն է:

«Ես իրեն շուտվանից էի ասում, որ լավ կլինի, որ հավաքեիր այդ բանաստեղծությունները: Ինձ շատ դուր են գալիս այդ բանաստեղծությունները և իմ մի երգի մեջ օգտոգործել եմ իր մի բանաստեղծությունը՝ «Գլորում են, գլորում են»»,- ասաց Ռուբեն Հախվերդյանը:

Իսկ վերջում իր խոսքն ասաց բանաստեղծի քույրը՝ Գոհար Նահապետյանը՝ նշելով, որ  այս ժողովածուն իր եղբոր մուտքն է գրական ասպարեզ, ինչի համար ինքը շատ ուրախ է, իսկ  ուրախությունն ավելի շուտ կլիներ, եթե եղբայրը  լսեր իիերն ու ավելի շուտ իր մտքերը ներկայացներ հանրությանը:

Խոսելով իր եղբոր գործերի մասին՝ տիկին Գոհարն ասաց, որ այդ գործերի մեջ իր եղբայրը կարողացել է  սերմանել բարություն, նա զգացել է մարդու մեջ հակոտնյա գաղափարները, զգացել է դաժանության հատիկը, բայց նա չի զայրացել, այլ միայն խրատել է՝ լինել բարի, վեհ ու վսեմ և դրանով հաղթել չարին:  

 

Նախորդ հոդվածը‘«Բորուսիա Դորտմունդ» – «Հանովեր» 1-0․ Հենրիխ Մխիթարյանը֙ հաղթական գոլի հեղինակ(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ»-«Ատլետիկ»՝ 4:2. Մադրիդյան ակումբը երկրորդ հորիզոնականում է (տեսանյութ)’