‘
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ԱՄՆ-ի Ազգային հետախուզության «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» 2018 թվականի զեկույցը հնարավոր է համարում, որ Ղարաբաղի շուրջ լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է վերաճել լայնածավալ ռազմական հակամարտության, որտեղ Ռուսաստանը հնարավոր է աջակցի տարածաշրջանային դաշնակցին:
«Երկու կողմերի փոխզիջումների չգնալը, ներքին ճնշումների ուժգնացումը, Ադրբեջանի ռազմական ուժի կայուն արդիականացումը եւ Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինությունների ձեռքբերումը 2018-ին լայնածավալ ռազմական գործողությունների ռիսկեր են ստեղծում»,- նշված է զեկույցում:
ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների՝ Կենտրոնական հետախուզական վարչության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի եւ Ազգային անվտանգության գործակալության ղեկավարները փետրվարի 13-ին մասնակցել են Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի լսումներին:
Այդ լսումներին հետախուզական ծառայությունների ղեկավարները զգուշացրել են, որ Ռուսաստանը կփորձի հաքերային հարձակումների, քարոզչության եւ մարտավարական այլ մեթոդներով միջամտել ԱՄՆ-ի Կոնգրեսի եւ եվրոպական մի շարք երկրների առաջիկա ընտրություններին:
‘